Փաշինյանական իշխանությունը մոռացել է տեղահանված արցախցիներին
АНАЛИТИКАԵրեկ լրացավ Արցախի հայաթափման 2-րդ տարին՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը, Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում։ Երեկ Եռաբլուրն, ինչպես միշտ, մարդաշատ էր, բայց այնտեղ էին հավաքվել շարքային արցախցիները, Արցախի իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև հայաստանյան ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։ Հայաստանի գործող իշխանություններից որևէ մեկը Եռաբլուր երեկ չի այցելել, ավելին, նույնիսկ Արցախի հայաթափման առիթով Հայաստանի իշխանությունները, այդ թվում Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել էին մեկ բառ նույնիսկ հիշատակել, դատապարտել ադրբեջանցիների վայրագությունները կամ էլ աջակցություն հայտնել տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախահայերին։
Երեկ օրվա առաջին կեսին նախագահականում իշխանական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցում էր պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը, ապա անցել էր իր գործերին՝ մոռանալով արցախցիների գոյության մասին։
Ըստ էության, գործող իշխանությունների այս վարքը հերթական անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր առջև խնդիր է դրել ամեն գնով մոռանալ Արցախն ու արցախահայերին, չլուծել նրանց սոցիալական և քաղաքական խնդիրները։ Ուստի, բնական է, որ հենց ողբերգական այդ օրն էլ իշխանության որևէ ներկայացուցիչ հարկ չհամարեց իր աջակցության և կարեկցանքի խոսքը հայտնել արցախահայերին, ընդհակառակը, լրագրողների հետ զրույցներում թե՛ Արցախի քաղաքական ղեկավարությունը և թե՛ շարքային արցախցիները նշում են, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն կերպ մոռացել են իրենց խնդիրները և աշխատում են չհիշատակել նրանց մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան իրական դավաճանություն։
Ադրիանա Հարությունյան



