Սամվել Կարապետյանի կուսակցությունը շեշտակի վարկանիշ է հավաքում՝ դեռ չձևավորված
АНАЛИТИКА
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք կուսակցության՝ «Նոր ուժի» վարկանիշը վերջին երկու ամիսների ընթացքում աճել է գրեթե 5 անգամ։ GALLUP International Armenia-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումներն ուշագրավ պատկեր են արձանագրում։ Թեպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ հարցման, դեռ առաջատարն է՝ հարցվածների 17,3 տոկոսով, բայց Սամվել Կարապետյանի կուսակցությանն այս պահին պատրաստ է քվե տալ հարցվածների 13,4 տոկոսը։
Նախորդ հարցումների համեմատ, որ անցկացվել էին հունիսին, այս ցուցանիշը 10,6 տոկոսային կետով աճել է՝ 2,8-ից հասնելով 13,4-ի։ «Հայաստան» դաշինքին իր քվեն տալու պատրաստակամություն է հայտնել 6,4 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը նշել է 3,8 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,4 տոկոսը։ Մյուս կուսակցություններն ու ուժերը 3 տոկոսից ցածր ցուցանիշ են գրանցել։
Ընդդիմադիր այս ուժերի ստացած վստահության քվեն արդեն գերազանցում է իշխող ուժի թվերը, ինչը նշանակում է, որ ընդդիմությունը բոլոր շանսերն ունի խորհրդարանական ընտրություններում ջախջախելու «Քաղպայմանագրին»։ Առավել ևս, որ երկամսյա միտումները ցույց են տալիս՝ Սամվել Կարապետյանի կուսակցությունը, որը նույնիսկ դեռ չի ստեղծվել, կարող է շատ արագ թափ հավաքել և դառնալ իշխող ուժի թիվ մեկ այլընտրանքը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
Արմինե Կիրակոսյան




















































