Խորհրդարանում աշնանը թեժ է լինելու
АНАЛИТИКА
Արդեն երկուշաբթի մեկնարկում է Ազգային ժողովի նոր՝ աշնանային նստաշրջանը, խորհրդարանական խմբակցությունները պատրաստվում են նիստերին, մարտավարություն մշակում, թե ինչպես պետք է իրականացնեն իրենց գործունեությունը։ Մեր տեղեկություններով, ընդդիմադիր երկու խմբակցությունները որոշել են ակտիվ լինել, դիմադրել իշխանության ճնշումներին ու գոռոցներին, փաստերով բացահայտել Փաշինյանի ու նրա թիմի ապօրինություններ ու կեղծ մանիպուլյացիաները, նաև չընկրկել, եթե բանը հասնի ծեծկռտուքների։
Իսկ աշնանը խորհրդարանում կարող են ընդհուպ ձեռնամարտեր լինել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էլ հրահանգվել է առավելագույնս ակտիվ լինել, ընդդիմության որևէ մեղադրանք անպատասխան չթողնել, հաճախ էլ անցնել հարձակման։ Վաշինգտնում կնքված հռչակագրից ու նախաստորագրված համաձայնագրից հետո Փաշինյանը լուրջ մտավախություններ ունի, նույնիսկ մտածում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին՝ մի քանի գործոններով պայմանավորված, և թիմն էլ, ըստ այդմ, պետք է ակտիվ լինի։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությանը հրահանգել են պարբերաբար կռիվներ սադրել՝ թիրախում ունենալով մի քանի կոնկրետ ընդդիմադիր պատգամավորների։
Բացի այդ, հրահանգել են պարբերաբար խոսել «նախկինների թալանից», «օլիգարխներից», «5-րդ շարասյունից»։ Պարզ ասած, ՔՊ-ն նոր մարտավարություն մշակելու խելք ու հմտություն չունի, հին նարատիվներով փորձելու են իրավիճակը փոխել իրենց կողմը, առավել ևս, որ բոլոր հարցումներով ՔՊ վարկանիշը գնալով նվազում է։
Կարեն Ասատրյան




















































