Հակաժողովրդավարական համբավն այլևս միջազգայնորեն է հանրահայտ. «Փաստ»
ПОЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դե ինչ, կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի հակադեմոկրատական վարքագիծն ու ավտորիտար գործելակերպի համբավն այլևս միջազգայնորեն է հանրահայտ: Ի մասնավորի, աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը «X»-ի իր միկրոբլոգում զետեղել է հատվածներ Փաշինյանի վերջին՝ «կառավարությունը ես եմ» ճեպազրույցից, կարճ տեսանյութով հստակ գնահատականներ է տվել փաշինյանական իշխանության ավտորիտար գործելակերպին:
«Եկեղեցու գործերին հայկական կառավարության միջամտությունը նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է։ Պարոն Փաշինյանի անորոշ ու հիստերիկ հայտարարությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ Արևմուտքի կողմից այդքան հաճախ գովաբանվող այս «ժողովրդավարության» մասին»,-ընդգծել է Ռոբերտ Ամստերդամը:
Ի դեպ, հիշեցնենք, որ հանրահայտ իրավաբանը վերջերս եկել էր Հայաստան՝ հետաքրքրված լինելով բարերար և գործարար Սամվել Կարապետյանի գերունիկալ «գործով». մարդը կալանավորվել է միայն այն բանի համար, որ պարզապես հրապարակավ ասել է, որ պաշտպանում է իր հավատքը, իր Եկեղեցին: Փաշինյանական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը բացահայտորեն անպարկեշտ արտահայտություն էր արել Ռոբերտ Ամստերդամի հասցեին:
Բայց տվյալ պարագայում բուն հարցը դա չէ: Եվ ոչ էլ այն, որ հայտնի իրավապաշտպանի բնորոշումներից մեր հանրությունը տեղեկացավ, թե իրականում ինչ կարգի ավտորիտար գործելակերպով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը: Դա մենք ոչ միայն գիտենք, այլև արդեն ավելի քան 7 տարի մեր մաշկի վրա ենք զգում այդ ամենի դառը հետևանքները:
Հարցը տվյալ դեպքում այն է, որ հիմա դա արդեն գիտի նաև «միջազգային հանրությունը», գիտի թե՛ Ամստերդամի նշած՝ հիստերիկ ռեակցիաների, թե՛ ռեպրեսիաների, թե՛ հակադեմոկրատական վարքի ու գործելակերպի, թե՛ իրեն օրենքից վեր դասելու մասին: Հարկավ, առնվազն արևմտյան կառավարությունները, որոնք փաշինյանական իշխանության հետ «գործեր են բռնում», դա առանց այդ էլ գիտեին: Քավ լիցի, նրանց դեսպանատները սուսուփուս գործում են:
Բայց հիմա, երբ իրականության մասին բարձրաձայնում են Ամստերդամը և նրա կարգի գործիչներ, արևմտյան ընտրողներն իրենց իշխանություններին կարող են շատ սուր հարցնել. դուք այս ո՞ւմ եք աջակցում, ո՞ւմ եք համարում «ժողովրդավարության բաստիոն»:
Հայտնի ֆիլմի օրինակով տեղին կլիներ ասել՝ ձեզ նմանները խայտառակում են ռեսպուբլիկան, խաղում են Հայաստանի միջազգային վարկի հետ, որն առանց այն էլ արդեն լրջորեն վնասված է: Նաև դրա համար է, որ Հայաստանն այլևս որևէ մեկի կողմից որպես լուրջ գործընկեր չի ընկալվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































