Մարզաձև, որ զարգացում ստացավ մարդկայնություն ունեցող... մարդկանց շնորհիվ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հնագույն սպորտաձևերից մեկը նետաձգությունն է, երբ մարդիկ մրցում էին աղեղից և արբալետից ճշգրիտ կրակելու ունակությամբ։ Իսկ հրազենի ի հայտ գալով՝ մարդիկ անցան հրաձգության։ Ստենդային հրաձգության արմատները հասնում են մինչև որսորդների մրցումների ժամանակները, երբ հրացաններով կրակում էին թռչունների վրա։ Շատերը սպորտային հրաձգության ծննդավայր համարում են Շվեյցարիան։ Հենց այնտեղ էլ 1842 թվականին անցկացվել է հրաձգության առաջին առաջնությունը։ Շուտով հրաձգության սպորտաձևերը սկսել են ներթափանցել Եվրոպայի և աշխարհի այլ երկրներ։ Ֆրանսիան 1897 թվականին կազմակերպել է աշխարհում առաջին մրցաշարը հրաձգության մեջ։
Հրաձգությունը հիմնականում իրականացվում էր անշարժ թիրախների վրա, ինչը հատուկ հմտություններ չէր պահանջում կրակողներից։ Հետո սկսեցին կենդանի աղավնիներ օգտագործել որպես թիրախներ։ Դա հանգեցրեց ստենդային հրաձգության զարգացմանը Եվրոպայում։ Որոշ կրակողներ, մարդկայնությունից դրդված, հրաժարվեցին այդ տեսակի կրակոցներից և շարունակեցին մարզվել ոչ կենդանի թիրախների վրա։ Բայց Լիտովսկի ազգանունով մի ամերիկացի 1880 թվականին հորինեց սարքավորումներ, որոնք նետում էին թիրախներ՝ թիթեղների տեսքով։ Թիթեղ-թիրախները պատրաստված էին ոչ թե կավից, այլ ավելի փխրուն նյութից։ Հատուկ մեքենան նետում էր թիթեղները՝ տալով դրանց պտտվող շարժում՝ ընդօրինակելով թռչնի թռիչքը։ Դրանից հետո շատ երկրներ սկսեցին իրենց մարզադաշտերը հագեցնել նման նետման սարքերով։
Հետո ստենդային հրաձգությունը այնքան տա րած ված դարձավ , որ այն ընդգրկվեց 1900 թվականին Փարիզում կայացած 2–րդ Օլիմպիական խաղերի ծրագրում։ 1935 թվականից ի վեր սկսեցին անցկացվել նաև աշխարհի առաջնություններ։ Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում կրակելու կանոնները հաճախ փոխվում էին, օրինակ՝ 1963 թվականին շրջանաձև ստենդի վրա մրցումներում նետման թիրախների հեռավորությունը մեծացվեց 10 մետրով։
Հետպատերազմյան շրջանը կարելի է համարել ստենդային հրաձգության զարգացման նոր փուլ, քանի որ սկսել էին արտադրել պրոֆեսիոնալ զենքեր և այլ նետող սարքեր։ Կոնկրետ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերը դարձան կարևոր իրադարձություն ստենդային հրաձգության զարգացման գործում։ Ասենք, որ այդ սպորտաձևի զարգացումը արագ չի եղել, հիմնականում սարքավորումների բարձր գնի պատճառով, քանի որ սովորական մարդիկ երկար ժամանակ չէին կարող դա թույլ տալ իրենց։ Սակայն այժմ այդ սպորտաձևը դարձել է ավելի մատչելի և ամեն ինչ արվում է դրա հետագա զարգացման համար։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































