ԶՊՄԿ հովանավորությամբ վերաօծվեց Փուխրուտ գյուղի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին
ОБЩЕСТВО
Քաջարան համայնքի Փուխրուտ գյուղն այլևս գործող եկեղեցի ունի։ Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ բնակավայրի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու օծման արարողություն՝ Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։ Ըստ ամենայնի՝ դա նախօրեին տեղի ունեցած Քաջարանի օրվան նվիրված տոնակատարության շարունակությունն էր։
17-րդ դարում վերաշինված եկեղեցին տխուր ճակատագիր կունենար, եթե փուխրուտցիները չձեռնարկեին հավատի այդ տաճարի վերակառուցման աստվածահաճո գործը։
Սանկտ Պետերբուրգում բնակվող հայտնի բժիշկ, այդ քաղաքի թոքաբանության ինստիտուտի թոքային վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ 2018 թվականին դրամահավաք կազմակերպվեց, և սկսվեց խոնարհված եկեղեցու նորոգման աշխատանքները։ Գործին նեցուկ եղավ, նախևառաջ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Քաջարանի համայնքապետարանը և այլ բարերարներ, ովքեր չցանկացան, որ իրենց անունը հրապարակվի։
Եկեղեցու օծման օրը մարդաշատ էր գյուղը։ Նորոգ եկեղեցում կատարվեց օծման կարգ, սուրբ մեռոնով օծվեցին խորանը, սյուները։
Մնում է հուսալ, որ նորոգ եկեղեցին որոշ աշխուժություն կհաղորդի դատարկված գյուղին, որ միայն ամռանն է կենդանության նշաններ ցույց տալիս հովեկների հաշվին։
Արարողությանը մասնակցում էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Կազմակերպիչները, նախևառաջ, Դավիթ Համբարձումյանը ջանացել էին, որ տոնական օրը գյուղում կազմակերպվի պատշաճ մակարդակով և դա հաջողվեց։
Օրվա խորհուրդը բարեմաղթանքի խոսքերով արժևորեցին Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, եկեղեցու նորոգման նախաձեռնության հեղինակ Արմեն Ավետիսյանը, փուխրուտցիներ Հասմիկ Համբարձումյանը, Լիլիթ Իսրայելյանը, Կարեն Թադևոսյանը։
Հնչեց նաև երգ–երաժշտություն, պարային կատարումներով հանդես եկան Քաջարանի արվեստի դպրոցի և մշակույթի պալատի սաները։
Տոնական արարողությունից հետո համայնքապետ Մանվել Փարամազյանի կողմից մատուցվեց մատաղ։
Քաջարան համայնքում Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին դարձավ չորրորդ գործողը, մինչ այդ գործող էին դարձել Վերին Հանդ գյուղի Սուրբ Աստվածածինը, Քաջարանց գյուղի Սուրբ Հակոբը, Քրդիկանցի սուրբ Աստվածածինը։
Փուխրուտը պատմական Ձորք գավառի հինավուրց գյուղ է՝ նախկինում անվանվել է Բեխորոտ։ Բնակավայրի մասին առաջին հիշատակումը Տաթևի վանքի հին հարկացուցակում է՝ ամրագրված Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ։
Ըստ ավանդության՝ Դավիթ Բեկի ազատագրական բանակին գյուղերից ամենաշատ քանակով ձիավոր է հատկացրել Փուխրուտը։
1736 թվականին այս գյուղով է անցել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ գնացել է Մուղան՝ մասնակցելու Նադիր շահի թագադրությանը։
Փուխրուտում 1686 թվականին չքնաղ մի ավետարան է ստեղծվել, որ այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։




















































