«Այս նախագծում վերջապես ամուսին ունեմ ու շատ ուրախ եմ». Մարիամ Դավթյանն ու Անդրանիկ Խաչատրյանը՝ «Հարսնաձորի լեգենդը» նոր հեռուստասերիալում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուտով Արմենիա հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Հարսնաձորի լեգենդը»։
Ֆիլմի պրոդյուսերը Ելենա Արշակյանն է, ռեժիսոըր՝ Գոհար Արշակյանը, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյան։ Դերասանական կազմում ընդգրկված են ՀՀ ժողովրդական արտիստներ Հրաչյա Գասպարյանը և Անետ Հարությունյանը, Ռոմելա Սարգսյանը, Թամ Սահակյանը, Կարեն Մանթաշյանը, Մարիամ Դավթյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Հարութ Արշակյանը և այլք։
«Ցանկացած նոր նախագծում ներգրավված լինելը մեծ ոգևորություն է բերում։ Դա նշանակում է նոր իմպուլսներ, նոր մտահղացումներ, նոր գաղափարներ: Ամեն ինչ նոր է, և այդ ամենը բնականաբար ոգևորում է։ Նոր խաղընկերներ ես ունենում, թեկուզ արդեն ճանաչում ես նրանց, աշխատել ես նախկինում միասին, բայց ամեն նախագիծ նորովի է։ Ներգրավվածությունն ու ոգևորությունը մեծ է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի համար ցանկացած նոր աշխատանք ուրախություն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Անդրանիկ Խաչատրյանը:
Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր նախագիծ արտիստին տալիս է հնարավորություն մեծ էնտուզիազմով ներգրավվելու, հնարավորինս տալու այն, ինչ պահանջում է իր կերպարը և ռեժիսորը։
«Ինչ վերաբերում է կերպարին՝ երբեմն լինում են իրավիճակներ, որ մտածում ես՝ «ես այսպես կանեի իրական կյանքում», և այդ իրավիճակներն էլ հնարավորություն են տալիս գտնել ճիշտ լուծում, որից կարելի է առաջ շարժվել։ Նկարահանման հրապարակում հաճախ մոտենում եմ մեր ռեժիսորին՝ Գոհարին։ Մենք միասին քննարկում ենք իրավիճակները՝ հասկանալու համար թե ես, թե ինքը, թե ընդհանուր միջավայրը։ Այդ ամենը նպաստում է տեսարանի ճիշտ կառուցմանը, լավագույն տարբերակը գտնելուն։ Սա ևս մեկ փորձի և փորձի փոխանակման հնարավորություն է, որը տեղի է ունենում նկարահանման հրապարակում՝ համախմբված աշխատանքի շնորհիվ»,- պատմեց Անդրանիկ Խաչատրյանը:
Դերասանուհի Մարիամ Դավթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ամիսներ առաջ իր մեջ ցանկություն առաջացավ խաղալ այսպիսի կերպար։
«Նույնիսկ գրառում էի արել իմ էջում։ Եվ ահա՝ այսօր ես այստեղ եմ։ Չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց հիմա մտածում եմ՝ սա ճակատագիր է, թե պատահականություն։ Հենց այս հարցադրումների շուրջ էլ կառուցված է ֆիլմը։ Դա իմ կարծիքն է։
Կարելի է ասել, որ սա իմ երազած դերից է։ Վերջին շրջանում հենց նման կերպար էի ուզում խաղալ՝ նման ճակատագրով ու բնավորությամբ։ Եվ այս ֆիլմում, փառք Աստծո, ես վերջապես ամուսին ունեմ։ Վերջին երեք նախագծերում ես ամուսին չունեի, ու դրա համար հիմա շատ ուրախ եմ։ Իմ ամուսինը ֆիլմում Անդրանիկ Խաչատրյանն է, և ես շատ ուրախ եմ, որ նա իմ խաղընկերն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Ինչ վերաբերում է նկարահանումներին՝ ամեն ինչ շատ ինտենսիվ է, բայց միևնույն ժամանակ ուրախ ու հաճելի։
«Ես շատ եմ սիրում այս թիմը։ Սա արդեն երկրորդ նախագիծն է, որ միասին ենք աշխատում։ Ֆիլմը նաև ուսուցողական բնույթ ունի։ Այն հարցադրումները, որոնց մասին ասացի՝ ճակատագիր, պատահականություն, մարդու ընտրություն, հենց դրանց մասին է ֆիլմը։ Իսկ թե դա որքանով ուսուցողական կլինի հանդիսատեսի համար՝ յուրաքանչյուրն ինքն իրեն կտա այդ պատասխանը»,- ամփոփեց Մարիամ Դավթյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































