Իրանը չի բավարարվում դեկլարատիվ խոստումներով. «Փաստ»
ПОЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է.
iarex.ru-ն «Հայաստանը չի համոզել Իրանին» վերնագրով հոդվածում գրում է, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ վերջերս Երևան կատարած այցի ժամանակ բարձրացված հարցերը լայնորեն քննարկվում են Իրանում, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման հետ կապված։ Եթե ամփոփենք իրանցի փորձագետների կարծիքները, ապա Թեհրանի մտահոգություններն ընդհանուր սահմանին երրորդ ուժերի առկայության վերաբերյալ չեն փարատվել, ինչը կազդի Թեհրանի եւ Երևանի միջև քաղաքական վստահության վրա։ iarex.ru-ի դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը։ «Թեհրանում փորձագիտական մակարդակով իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում են իրավական երաշխիքներում, որոնք կապահովեն նրա ազգային անվտանգությունը», - ասել է Տարասովը։
«Այսպիսով, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ «Զանգեզուրը կդառնա գերեզման Թրամփի վարձկանների համար»։ Միևնույն ժամանակ, նախագահ Փեզեշքիանը և նրա կաբինետը փորձել են չօգտագործել կոշտ հռետորաբա- նություն՝ արմատական գնահատականները որակելով որպես «չափազանցված», - շարունակել է քաղաքագետը։
«Անորոշության հիմնական տարրը նախագծի շահագործման մանրամասներն են։ Դրանք պետք է մշակվեն աշխատանքային խմբի կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախնական սխեմայի համաձայն, ԱՄՆ-ն և Հայաստանը կստեղծեն համատեղ ձեռնարկություն, որը իրավաբանորեն կենթարկվի Երևանին։ Հայկական կողմը պարտավորվում է զբաղվել անվտանգության հարցերով։ Միևնույն ժամանակ, համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև «անխոչընդոտ հաղորդակցություն», սակայն փաստաթղթերում այդ տերմինի կոնկրետ բովանդակությունը դեռևս չի սահմանվել, ինչը անհանգստացրել և անհանգստացնում է Իրանին», - նշել է Տարասովը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա պնդում է, որ նոր երթուղին ընդլայնում է Իսլամական Հանրապետության հնարավորությունները դեպի Սև ծով։ Սակայն Իրանը, ակնհայտորեն, չի բավարարվում դեկլարատիվ խոստումներով և պնդում է կոնկրետ երաշխիքներ ապահովել։ Այդ առումով, Փեզեշքիանի այցի ժամանակ հնչեց նախաձեռնություն՝ Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու վերաբերյալ։ Նման ձևաչափով Հայաստանը կարող է, իրավաբանորեն, Իրանի հետ համատեղ ապահովել Զանգեզուրի երթուղու անվտանգությունն ապահովելու պարտավորությունները, շարունակել է փորձագետը։ «Թեհրանի հատուկ ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ մասնակցության մանրամասների վրա։ Գլխավոր հարցն այն է, թե ո՞վ է ներգրավված լինելու երթուղու կառավարման մեջ, ի՞նչ լիազորություններ և ռեսուրսներ է ունենալու, և ի՞նչ իրական վերահսկողության մեխանիզմներ են ենթադրվում օգտագործել։ Հետևաբար, այս բոլոր մանրամասները կորոշեն ապագա իրադարձությունների մասշտաբները», - ամփոփել է Տարասովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































