Վերահսկողություն կիրականացվի ֆիլմարտադրողներին պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների նկատմամբ. «Փաստ»
ЭКОНОМИКА
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 412-Ն որոշման մեջ։ Նշվում է, որ այս իրավական ակտի նպատակն է Հայաստանում ֆիլմարտադրողների կողմից ոլորտում ներդրումների ավելացման հետաքրքրության բարձրացումը, ինչպես նաեւ օտարերկրյա ֆիլմարտադրողների հոսքի ավելացումը Հայաստան, ինչի շնորհիվ հնարավոր է ապահովել կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը՝ նպաստելով երկրի տնտեսական աճին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիազորված պետական մարմնի եւ օտարերկրյա ֆիլմարտադրողի ներկայացուցչի (ՀՀ ռեզիդենտ ֆիլմարտադրող ընկերություն) միջեւ կնքվում է ներդրումների 10-40 տոկոսի չափով վերադարձի պայմանագիր, այն ենթադրում է, որ լիազորված պետական մարմինը նաեւ պետք է վստահ լինի փաստացի կատարված ծախսերը վճարելու եւ համապատասխան հաշվետվությունները պատրաստելու ու սահմանված կարգով հանձնելու մեջ։
Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ ունեն հստակեցնել ֆիլմարտադրողների կողմից ներկայացված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ համոզվել հարկային պարտավորությունների կատարման մեջ, իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն ֆիլմարտադրողներին պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների նկատմամբ։
Լրացումների ընդունման արդյունքում ակնկալվում է հանրային միջոցների ծախսման արդյունավետության բարձրացում, բացի դա, Հայաստանում գործող ֆիլմարտադրողների, ստեղծագործական, տեխնիկական աշխատողների համար կստեղծվեն բարենպաստ եւ փոխշահավետ պայմաններ, միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավահարաբերություններ։ Ըստ նախարարության, երկրի տնտեսության տարբեր ոլորտներում կխթանվի ֆինանսական հոսքերի աճը, ինչը կնպաստի երկրի տնտեսության եւ կինոարդյունաբերության զարգացմանը, աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը, պետական կառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությանը եւ ֆինանսական միջոցների գեներացմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































