Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում
ПОЛИТИКА
Երեկվանից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ մեծ դահլիճում, որտեղ ընթանում էր Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը, լրագրողները պարբերաբար դժգոհում էին պայմաններից։ Նրանց ֆեյսբուքյան գրառումներում շեշտվում էր շոգը և ձայնի ոչ բավարար լսելիությունը, ինչն իրականում խոչընդոտում էր լրատվականների աշխատանքը։
Խնդրի շուրջ «Փաստի» հետ զրույցում Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ իրենք ամբողջ երեկո տարբեր հաղորդակցման միջոցներով ստացել են լրագրողների դժգոհությունները․
«Երեկ կապի բոլոր հնարավոր միջոցներով լրագրող գործընկերներից անընդհատ տեղեկատվություն էի ստանում դատարանի դահլիճում աշխատելու անհնարինության մասին։ Բնականաբար նիստի ընթացքում անհնար էր որևէ լուծում գտնել։ Սակայն նիստից հետո և այսօր առավոտից Դատական դեպարտամենը զբաղվում է խնդրի վերացմամբ»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ դահլիճի մի հատվածը հովացվում է օդորակիչներով, իսկ մյուս հատվածում գործում է օդափոխման համակարգ, որը սովորաբար բավարարում էր։ Սակայն մեծ թվով մարդկանց ներկայությունը ցույց տվեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ հովացման միջոցներ։
Լրագրողների այն դիտարկմանը, որ դահլիճը նույնիսկ համեմատվել է շոգեբաղնիքի (սաունայի) հետ, և «ատրիբուտիկա» էր պահանջվել կատակով, Խաչատրյանը արձագանքեց․
«Շատ ուրախ եմ, որ գործընկերների ըմբռնումն ու հումորը տեղում է։ Հույս ունեմ, որ օդորակիչներով համալրված դահլիճը տեսնելով՝ որևէ մեկը չի հիասթափվի»։




















































