Երբ ինքնիշխանությունը հանձնվում է արևմտյան գերիշխանությանը. «Փաստ»
ПОЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է.
svpressa.ru-ն գրում է, որ քաղաքագետ, Ռուսաստանի քաղաքական խորհրդատուների ասոցիացիայի անդամ Ալինա Ժեստովսկայան svpressa.ru-ի հետ զրույցում, պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման վայրի ընտրության վերաբերյալ հարցին, նշել է, որ նման փաստաթուղթ ստորագրելը Միացյալ Նահանգներում բավականին տրամաբանական է առնվազն Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ ԱՄՆ-ն է իրականում նշանակել Հայաստանի ներկայիս վարչապետին այդ պաշտոնում։ «Եվ այստեղ հարցն այն է, թե ընդհանրապես ո՞ր երկիրն է նրանը։ Փաշինյանը և նրա կաբինետը վերջին մի քանի տարիների ընթացքում շարժվել են իրենց ինքնիշխանությունը հանդիսավոր կերպով Միացյալ Նահանգներին փոխանցելու ուղղությամբ։ Հիմա էլ ամենահզոր և ամենաախորժելի տրանսպորտային միջանցքը դարձել է Միացյալ Նահանգների սեփականությունը, որը շարունակում է բիզնես անել քաղաքականության հաշվին», - բացատրել է զրուցակիցը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ Հայաստանի նախաձեռնությամբ։ «Փաշինյանը փորձում է պահպանել որոշակի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ՝ թեկուզ միայն այն պատճառով, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր կան, քան Հայաստանում. նա ցանկանում է դուրս գալ այս իրավիճակից նվազագույն վնասով։ Հնարավոր է, որ նա գիտակցում է, որ առաջիկա տարիներին, կախված իրավիճակից, կրկին ստիպված կլինի դիմել ռուսների օգնությանը։ Բայց ի՞նչ ձևաչափով դա կտրամադրվի։ Հնարավոր է՝ որպես քրիստոնյաներ՝ մենք աղոթենք քրիստոնյաների համար։ Բայց, հավանաբար, դա չի լինի ո՛չ փողով, ո՛չ զինված ուժերով և ո՛չ էլ որոշ ներդրումներով կամ համատեղ նախագծերով», - ասել է Ժեստովսկայան։
Քաղաքագետը մանրամասնել է, որ, ցավոք, սա ևս մեկ հետխորհրդային հանրապետություն է, որը հանդիսավոր կերպով իր ինքնիշխանությունը, տնտեսական գոտիների իրավունքը, սեփական տարածքում բիզնես վարելու իրավունքը հանձնում է արևմտյան գերիշխանությանը, սա «տիպիկ և սովորական պատմություն» է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































