Փաշինյանը փորձում է անլրջացնել քաղաքական հետապնդումները
АНАЛИТИКА
Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վտանգավոր մարտավարություն են ընտրել՝ հանրության հետ հարաբերվելու։ Դիլետանտ իշխանությունները, հասկանալով, որ իրենց արարքները ծանր հետևանքներ են ունենալու Հայաստանի համար, փորձում են ամեն գնով անլրջացնել քաղաքական և ոչ քաղաքական պրոցեսները։ Միտումը, թերևս, պարզ է՝ հետագայում իրենց համար անմեղսունակության ալիբի ձևակերպելու համար։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և այլ քաղբանտարկյալների դեմ քաղաքական հետապնդումներն էլ բացառություն չեն այս առումով։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ ցինիզմով ու անորակ հումորով, գրառումներ և մեկնաբանություններ են անում, որպեսզի ցրեն իրական լուրջ վտանգի տպավորությունը։
Օրերս Հայաստան ժամանած աշխարհահռչակ փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, արձանագրելով Սամվել Կարապետյանի և Սրբազանների գործերով իշխանության ապօրինությունները, համագործակցության կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ նրանց ազատ արձակելու համար։ Ամստերդամին պատասխանել էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գրել. «Ամստերդամին Ռոտերդամով կհակազդենք»։
«Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով, որը ցույց է տալիս այն անպատժելիությունը, որով այս կառավարությունը կարծում է, թե գործում է»,– գրել է փաստաբանը X–ի իր միկրոբլոգում։
Իսկ Կարապետյանի, Միքայել և Բագրատ Սրբազանների գործը, նշենք, առաջիկայում շրխկոցով տապալվելու է, և վարչախումբն այդ դեպքում էլ ցինիզմի նոր դրսևորումներով կփորձի մեկնաբանել իրավիճակը։
Լիանա Ալավերդյան




















































