Իրանի նախագահը գալիս է պատասխանների հետևից
АНАЛИТИКА
Այսօր Երևան է ժամանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրա գրասենյակի փոխանցմամբ՝ այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է, հատկապես՝ առևտրի ոլորտում։ Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։
Մինչ այցը Փեզեշքիանը խորհրդակցություն է անցկացրել Իրանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Քննարկման թեմայի առանցքում, իհարկե, եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի մասին վերջին համաձայնագիրը՝ շեշտադրելով Իրանի ազգային շահերի պաշտպանությունը։
Փեզեշքիանը Երևան է ժամանում Վաշինգտոնում եռակողմ հռչակագրի ստորագրումից տասը օր անց։ Ընդ որում, եթե Իրանի աշխարհիկ իշխանությունները որոշակի զուսպ են արձագանքում այդ համաձայնագրին, ապա երկրում գլխավոր դերակատարություն ունեցող հոգևոր իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս բավական կոշտ դիրքորոշումներով՝ գրեթե սպառնալիքի լեզվով։
Նախքան Փեզեշքիանի այցը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանը մեր և տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար ունի զգալի քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակություն։ Մենք բաց աչքերով հետևում ենք զարգացումներին», -ասված է Բաղայիի հայտարարության մեջ։
Ըստ ամենայնի, հայկական կողմին դեռևս չի հաջողվել ամբողջությամբ փարատել Թեհրանի մտահոգությունները։ Թեպետ Փաշինյանը օրերս հարցազրույց էր տվել ամերիկյան լրատվամիջոցին, իսկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը գործուղվել էր Թեհրան, որտեղ հանդիպումներ էր ունեցել Իրանի արտգործնախարարի, այլ պաշտոնյաների և հոգևոր առաջնորդի խորհրդականների հետ։
Այս ամենի ֆոնին Փեզեշքիանը Հայաստան է գալիս՝ անձամբ Փաշինյանից պատասխաններ ստանալու և, ըստ այդմ, Իրանի դիրքորոշումները հստակեցնելու համար։
Մերի Ներսիսյան




















































