Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը
АНАЛИТИКА
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտնում է, որ առաջիկայում կներկայացվի «Մեր ձևով» շարժումը։ Մոտ 2 ամիս կալանքի տակ գտնվող գործարարը նամակ է հղել, նշել, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը։ «Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են զարգացնել տնտեսությունը, ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար, ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները, վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը, ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը, պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ եկեղեցին»,– գրել է նա։
Գործարարի խոսքով՝ «Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա ձևավորվելու է նոր քաղաքական ուժը, որի կարիքը բոլորը զգում են այսօր։ «Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»,– ընդգծել է նա։
Կարապետյանը նաև հիշեցրել է, որ օգոստոսի 14-ին տեղի է ունենալու իր կալանքի վերաբերյալ դատական նիստը։ «Սա միայն իմ խնդիրը չէ. Այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից։ Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք»,– նշել է Սամվել Կարապետյանը։
Ըստ ամենայնի, դատարանը հերթական ապօրինի որոշումը կկայացնի՝ կալանքի տակ պահելով Սամվել Կարապետյանին։ ՀՀ գործող իշխանությունները խուճապի մեջ են թե՛ Սամվել Կարապետյանի քաղաքական հայտից, թե՛ նրա ազատման համար տարվող պայքարից, և ամեն ինչ փորձելու են անել բարերարին կրկին կալանքի տակ պահելու համար՝ հնարավորինս երկար, մինչև հասկանան, թե ինչ է սպասվում իրենց։
Սոֆյա Մուկուչյան




















































