Ի՞նչ է սպասվում Վաշինգտոնում. ամեն ինչ կգնա վատագույն սցենարով
АНАЛИТИКА
Միջազգային լրատվական գործակալությունները նորանոր մանրամասներ են հայտնում այսօր Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպումից։ Ընդ որում, հաստատվում են բոլոր վատթարագույն սցենարները։ Reuters-ի տեղեկություններով՝ Թրամփի հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որով Միացյալ Նահանգները բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ։ Ըստ միջազգային գործակալության՝ Հայաստանը ծրագրում է Վաշինգտոնին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները գրեթե 50 տարվա ժամանակահատվածով, իսկ դրա դիմաց ԱՄՆ-ը նույնիսկ տարրական անվտանգության ապահովման պարտավորություն չի ստանձնում։
Սյունիքով անցնող ճանապարհը հենց այդպես էլ կոչվելու է՝ «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», անգլերեն՝ TRIPP։ Թե՛ Reuters-ը, և թե՛ Վաշինգտոնում աշխատող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն նշում են, որ ամիսներ տևած կուլիսային բանակցությունների ավարտին կազմակերպվող այդ գագաթնաժողովը վերաձևավորելու է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը՝ Միացյալ Նահանգներին դարձնելով կենտրոնական խաղացող տարածաշրջանում, որը տևական ժամանակ գտնվում էր Ռուսաստանի և Իրանի գերիշխանության ներքո։
Բացի այդ՝ Փաշինյանն ու Ալիևը, ինչպես նաև Միրզոյանն ու Բայրամովը մի քանի կարևոր փաստաթղթեր են ստորագրելու Թրամփի ներկայությամբ։ Ընդ որում, ամերիկյան կողմը կարծես ծաղրում է Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով, թե այդ ճանապարհն անցնելու է Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո։ Ակնհայտ է, որ որևէ նման բան այսպիսի արդյունքներով համաձայնագրի պարագայում լինել չի կարող։ Ընդհակառակը՝ Հայաստանը տասնամյակներով իր ինքնիշխանությունը զիջելու է, իսկ թե ում է զիջում՝ արդեն էական չէ։ Ցանկացած պարագայում սա վատթարագույն զարգացումն է, ուստի զարմանալի չէ, որ նույնիսկ Փաշինյանի հաստիքային արևմտամետները մտահոգություն են հայտնում՝ նշելով, որ սա որևէ լավ տեղ չի տանում։
Աննա Գասպարյան




















































