Սյունիքը նախ տնտեսապես, ապա նաև քաղաքական ձևով կմտնի Ադրբեջանի կազմի մեջ. Խաչիկյան
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան ՀՀ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեկնեց ԱՄՆ, որտեղ օգոստոսի 8-ին կայանալու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումը։
«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,- ասված է ՀՀ Կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում։
Իսկ ի՞նչ սպասել այս հանդիպումներից, արդյո՞ք այս ամենն իրոք միտված է խաղաղության օրակարգի հաստատմանը, և եթե այո, ապա հայկական կողմը դրա դիմաց հերթական տարածքային կորուստն ունենալո՞ւ է. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ։
«Մեր միակ հույսն այն է, որ նրա թիմակիցներն իրեն հետ կպահեն և նա չի զիջի «Զանգեզուրի միջանցքը»։ Դա մեր միակ հույսն է, որ նա Հայաստանի սուվերենությունը չի զիջի»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ այլևս այլ ուժի վրա հույս դնելու տարբերակ էլ չկա, մնում է ապավինել Փաշինյանի կողքին կանգնած մարդկանց, և հավատալ, որ նրանք կարող են կանգնեցնել սուվերենության զիջման գործընթացը։ Ըստ քաղաքագետի՝ այլևս իմաստ չկա սպասել, թե ընդդիմությունը որևէ քայլ կանի։
«Հինգ տարվա մեջ ի՞նչ է արել ընդդիմությունը, որևէ արդյունքի հասե՞լ է։ Էս ընդդիմությունը հինգ տարի Փաշինյանին պահեց իշխանության, ու էլ չի կարելի հույս ունենալ, թե հիմա որևէ բան կփոխվի»,- նշեց նա։
Արթուր Խաչիկյանը նկատում է՝ նաև վերջին հույս է այն, որ ինչ-որ արտաքին ուժ կարող է այս ամենը կանխել, եթե չէ, ապա խաչ է դրվելու նա՛խ Մեղրիի, ապա Սյունիքի վրա։
«Հիմա ժողովրդին սկսել են էլի խոստումներ տալ, տնտեսական բումի մասին են խոսում, թե լավ կլինի, փող ու առևտուր կլինի, եթե մենք զիջումների գնանք, բայց իրականում այդ ամենից հետո Թուրքիայի տնտեսությունն է մտնելու Հայաստան, և այդ աճը լինելու է Թուրքիայում, իսկ մենք դառնալու ենք ուղղակի սպասարկող բանվորներ Թուրքիայի համար։ Դրանից հետո Սյունիքը նախ տնտեսապես, ապա նաև քաղաքական ձևով կմտնի Ադրբեջանի կազմի մեջ»,- ցավով նշեց Խաչիկյանը։
Հարցին՝ արդյո՞ք օգոստոսի ութին կստորագրվի փաստաթուղթը, թե սա կլինի հերթական պայմանավորվածությունների փուլը, Արթուր Խաչիկյանն արձագանքեց՝ այս թիմի ոճն այն է, որ կամաց-կամաց է ասում ճշմարտությունը. Սկզբից խաբում է, հետո հակասական հայտարարություններ անում, ապա ամիսներ անց նոր հասարակությունն իմանում է, թե ինչ է եղել։
«Այսինքն՝ ավելի հավանական է, որ աստիճանաբար ամեն ինչ զիջեն։ Նրանք հինգ տարի է՝ աստիճանաբար ամեն ինչ զիջում են»,- ամփոփեց խոսքը Արթուր Խաչիկյանը։




















































