Amio Era. Ամիօ բանկն ու «Դասավանդի´ր, Հայաստան»-ը միավորել են ուժերը կրթության համար
ОБЩЕСТВО
Ամիօ բանկն ու «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամը միավորել են ուժերը Amio Era կրթական բարեգործական ծրագրի շրջանակում՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիր։ Կողմերի համագործակցությունը նպատակ ունի նպաստել կրթության մատչելիությանը և աջակցել սոցիալապես անապահով, սակայն միջին և բարձր առաջադիմությամբ ուսանողներին։
Ծրագիրն ուղղված է բակալավրիատի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողներին, ովքեր կանցնեն երեք փուլից բաղկացած ընտրական գործընթաց՝ մոտիվացիոն նամակի գնահատում, անհատական հարցազրույց և եզրափակիչ մրցութային փուլ։ Ընտրական ամբողջ գործընթացը կկազմակերպվի Ամիօ բանկի և «Դասավանդի´ր, Հայաստան»-ի համատեղ ջանքերով՝ ապահովելով թափանցիկություն, անաչառություն և հավասար հնարավորություններ բոլոր դիմորդների համար։
Ծրագիրը մեկնարկել է հուլիսի վերջին և այս պահին գտնվում է երկրորդ փուլում․ ընտրված թեկնածուներն անցնում են անհատական հարցազրույցների փուլը։ Եզրափակիչ փուլում ուսանողները կմասնակցեն մրցույթային փուլին՝ ցուցադրելով իրենց գիտելիքներն ու կարողությունները։
Amio Era-ն նախատեսում է մեկ տարվա ուսման վարձի ամբողջական փոխհատուցում: Բացի ֆինանսական աջակցությունից, կողմերը պարբերաբար կգնահատեն ծրագրի արդյունքներն ու կքննարկեն դրա շարունակական զարգացման հնարավորությունները։
Այս նախաձեռնությունը միավորում է երկու կազմակերպությունների արժեքային համակարգերն ու սոցիալական պատասխանատվության տեսլականը՝ որպես ներդրում Հայաստանի կրթական և մարդկային ներուժի զարգացման գործում։
Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում և պաշտոնական կայքում:
Amio Era. կրթությունը հնարավորություն է…
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















































