Եկեղեցական պառակտումը՝ որպես ազգային վտանգ
ПОЛИТИКА
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ Այն եղել և մնում է հայ ազգի հոգևոր ժառանգության, ազգային ինքնության և պատմական շարունակականության անբաժան մասը։
Գործող իշխանությունները, սակայն, շարունակում են հարձակումները հոգևոր կառույցների և արժեքների վրա՝ այդպիսով նսեմացնելով այն, ինչ դարերով եղել է հայության հենասյունը՝ ամբողջ աշխարհում։
• Երբ Արցախը շրջափակման մեջ էր, երբ ժողովուրդը կանգնած էր գոյութենական ճգնաժամի առաջ, Հայ եկեղեցին մնաց ժողովրդի կողքին՝ աղոթքով, կարեկցանքով, ֆիզիկական ներկայությամբ։ Զենքը ձեռքին մարտնչող հոգևորականների օրինակներն ուղղակի բազմաթիվ են ու բազմազան։
Մինչդեռ իշխանությունները պարզապես փախան պատասխանատվությունից։
Այսօր մենք ականատես ենք դառնում բացահայտ հարձակման Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Փորձ է արվում ստիպել հոգևորականներին ենթարկվել քաղաքական որոշումներին՝ անօրինական, բարոյազուրկ մեթոդներով։ Սա ոչ միայն պետական կառույցների՝ եկեղեցու հանդեպ անընդունելի ճնշում է, այլև հասարակության հավատքի և արժեքների ոտնահարում է։
Եկեղեցին երբեք քաղաքական ընդդիմություն չի եղել։ Եկեղեցին հայ ազգի հոգին է, նրա ներսում եղած հավատի ձայնը։ Երբ մեռնում է հոգին, մեռնում է և՛ ազգը։
Այս համատեքստում անթույլատրելի է նաև իշխանությունների վերաբերմունքը նշանավոր բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Քրիստոնեական արժեքներ կրող այդ անձը, ով տարիներ շարունակ մեծապես աջակցել է եկեղեցուն, պատմամշակութային ժառանգության պահպանությանը, այժմ ենթարկվում է պետական հետապնդման` նույն եկեղեցուն ոտնձգություններից պաշտպանող հայտարարության համար։ Սա ևս մեկ դրսևորում է՝ թե ինչպես են իշխանությունները պայքարում ոչ միայն ընդդիմախոսների, այլ նաև եկեղեցու նվիրյալ բարեկամների դեմ։
• Հայ Առաքելական եկեղեցին պահպանում է ժողովրդի միասնականությունն ու ինքնությունը։ Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, ոչ միայն հակասում է քրիստոնեական վարքագծին, այլ նաև խորացնում է հասարակական պառակտումը։
Պետությունը պետք է հեռու մնա եկեղեցական գործերից։ Ոչ ոք իրավունք չունի կեղծ բարեփոխումների անվան տակ կոտրելու այն, ինչը դարեր շարունակ պահել է մեր ազգը՝ միավորված, հավատքով լի և ապրելու վճռականությամբ։




















































