Կայացավ Արամ Շահբազյանի «Անանուն բարձունքի առումը» ֆիլմի պրեմիերան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կինոյի տանն օրերս կայացավ «Անանուն բարձունքի առումը» վերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան։ Ֆիլմը ստեղծվել է «Սիլուետ Ստուդիո» ընկերության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։
Ֆիլմը պատմում է Ջրականի «Մարջանլու» տեղամասի մոտակայքում գտնվող «Անանուն» բարձունքը պահող Որոտանի զորամասի 25-րդ գումարտակի տղաների մասին, որոնցից 12-ը զոհվել են դիրքի պաշտպանության ժամանակ։ Ֆիլմի առանցքում գնդերեց Հրայր սարկավագ Լալայանի պատմությունն է, ով վիրավորվել է նույն բարձունքի մատույցներում և հետագայում ձեռնամուխ է եղել փաստերի, վկայությունների և հիշողությունների հավաքմանը։
Ֆիլմի պրոդյուսեր և սցենարիստ Աննա Սարգսյանի համոզմամբ, եթե ողբերգությունը չի վերածվում ստեղծագործության, այն վերածվում է ֆարսի, իսկ այս ֆիլմը հենց այդ ֆարսից խուսափելու փորձ է։
Ռեժիսոր Արամ Շահբազյանի խոսքով՝ նման թեմաների վավերագրումն ունի մի վտանգ՝ ժամանակի ընթացքում կորցնել ակտուալությունը։ Սակայն ցավով արձանագրել է, որ այս պատմությունը ժամանակի ընթացքում միայն ավելի հրատապ է դառնում։ Նրա խոսքերով՝ այս ֆիլմը այն բացառիկ դեպքերից է, երբ առաջնադիտման պահին հանդիսատեսը չի կարողանում կողմնորոշվել՝ ուրախանալ, թե տխրել, քանի որ ֆիլմը ներկայացնում է մի թեմա, որն ամբողջությամբ ողբերգություն է։
Ֆիլմի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2021 թ. և տևել շուրջ երեքուկես տարի։ Այն մեր ժամանակների ցավալի իրադարձությունների փաստագրված պատմությունն է՝ նվիրված հիշողությանը, հերոսությանը և մարդկային արժանապատվությանը։




















































