Փաշինյանական իշխանությունն անցել է տոտալ գաղտնալսումների
АНАЛИТИКА
Փաշինյանական իշխանությունն ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները խստացնելու շրջանակներում անցել է տոտալ գաղտնալսումների։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը նույնիսկ արտերկրից բավականին թանկարժեք սարքավորումներ է բերել տվել, որպեսզի դրանց միջոցով հնարավոր լինի լսել բոլոր ընդդիմադիրներին, ֆիքսել նրանց հայտարարությունները, ապա և քրեական գործեր հարուցել։
Օրեր առաջ հաղորդվեց, որ ձերբակալվել, ապա կալանավորվել է Արարատի մի տարեց բնակիչ՝ Ստեփան Սամվելյանը։ Վերջինս թունդ ընդդիմադիր է և հաճախ է ելույթներ ունենում մամուլի ակումբներում։ Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին մեղադրում է իրենից բիզնես խլելու համար։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել, ձերբակալել Ստեփան Սամվելյանին, կալանավորել։ Իսկ մեղադրանքի հիմքում մի հեռախոսազրույցի ձայնագրությունն է, որտեղ տաքացած Սամվելյանը հայտարարում է, թե սպանելու է Արամ Սարգսյանին և նրա կուսակցին՝ ներկայումս Սահմանադրական դատարանի դատավոր դարձած Արտակ Զեյնալյանին։ Հենց այս ձայնագրությունն էլ անմիջապես ապօրինի կերպով քրեական գործի հիմք են դարձրել և ձերբակալել Սամվելյանին։ Վերջինս առողջական բազմաթիվ խնդիրներ ունի, և կալանավայրում գտնվելը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։
Փաշինյանն այս կերպ օգտագործելով նաև իր կցորդ կուսակցությանը, փորձում է տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունն ահաբեկչություններ, մահափորձեր է կազմակերպել իշխանության դեմ և այդ հիմքով բռնաճնշումներն ավելի է ավելացնելու։ Իսկ արևմտամետ քաղաքական ուժի համարում ունեցող «Հանրապետությանը» նման պլաններում օգտագործելով, Փաշինյանը նաև Արևմուտքին է փորձում մեսիջներ ուղարկել, թե արևմտամետների նկատմամբ էլ ընդդիմությունն ապօրինի նպատակներ ունի։
Այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ քրեական գործն ամենևին էլ լուրջ չէ, և Ստեփան Սամվելյանն ընդամենը տաքացած է արել նման հայտարարությունները։ Արամ Սարգսյանն, ինքն էլ առանձնապես չի հավատում, որ Սամվելյանը կարող էր նման քայլի դիմել կամ ինչ-որ բան նախապատրաստել, բայց և ստիպված են խաղալ Փաշինյանի խաղը, քանի որ այլ տարբերակ չունեն և կզրկվեն իշխանական կերակրատաշտին մոտ լինելու հնարավորությունից։
Հայկուհի Կիրակոսյան




















































