Փրկարարները, ջրասուզակները Սևանա լճում և հարակից անտառներում որոնում են կորած ամուսիններին
ОБЩЕСТВОԵրեկ՝ հուլիսի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններում Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ է չեն վերադարձել։
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծափաթաղ գյուղի նշված վայր են մեկնել քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Սանթուր Դուրգարյանը, ոստիկանության Ճամբարկի բաժնի պետ Արմեն Մուրադյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Հրաչյա Գևորգյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների կարգախումբը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր ու միջոցներ, այդ թվում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկներ՝ իրենց մոտորանավակներով։
Ափամերձ տարածքներում մոտ 30 կմ շառավղով անտառային հատվածներում որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 3-ական մարտական հաշվարկ և օպերատիվ խմբի 3 հաշվարկ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այս պահին Սևանա լճում որոնողական աշխատանքները օրվա ժամի հետ կապված ժամանակավորապես դադարեցվել է, սակայն Գեղարքունիքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները և մի քանի քաղաքացիներ շարունակում են որոնողական աշխատանքները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով որոնվող քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 60-ամյա Էմիլ Ա․-ն և 60-ամյա Արև Ա․-ն, ովքեր ամուսիններ են։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։




















































