«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Ադիլխան Երժանովին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի «Aratashen winery» գիներանում: Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում կինոյում մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը հանձնվեց Միջին Ասիայի ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկին՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովին։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշեց, որ գեղեցիկ ավանդույթ է մրցանակի հանձնումն այս տարածքում։
«Ամեն տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակում մենք հանձնում ենք այս մրցանակը՝ հարգանքի տուրք մատուցելով այն վարպետներին, որոնք մեզ հետ են այստեղ։ Այս տարի մենք մրցանակը հանձնում ենք մի կինոարվեստագետի, ով հիացրել է մեզ և մենք հույս ունենք, որ այս մրցանակը կլինի մեր հետագա հարաբերությունների առհավատչյան»,-նշեց Կարեն Ավետիսյանը։
Մրցանակն Ադիլխան Երժանովին հանձնեց Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը։
«Յուրատեսակ ավանդույթ է դարձել, որ այս մրցանակն ամեն տարի հանձնում է Մատենադարանի ներկայացուցիչը։ Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետոզոտական ինստիտուտ է, և առաջին հայացքից կինոյի հետ կապն այդքան ամուր չէ, բայց կինոյին և Մատենադարանին կապում է իրենց երկուսի՝ ազգային և համամարդկային լինելը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ հավաստիացնել, որ մեր ձեռագիր մատյաններում բազմաթիվ գեղեցիկ կինոսյուժեներ կան։ Եվ ով գիտի՝ գուցե մենք առաջիկա տարիներին կարողանանք ըմբոշխնել որևէ ֆիլմ՝ հիմնված ձեռագրերի վրա»,-նշեց Վահե Թորոսյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայկ Պետրոսյանը և «Լիլլա» կամերային խումբը իրենց Կոմիտասյան կատարումներով, իսկ միջոցառումը եզրափակեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթը՝ հյուրերի հետ ավանդույթ դարձած քոչարիի շուրջպարով։




















































