Հիշողություններ արթնացնող ու մի ամբողջ ժամանակաշրջան խորհրդանշող ավտոբուս, որ այդպես էլ մնաց որպես... հիշողություն. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առավել ավագ սերունդը հիշում է, որ Հայաստանի ճանապարհներին հիմնականում «Իկարուս» ավտոբուսներն էին՝ դեղինները՝ ներքաղաքային երթուղիներում, կարմիրները՝ միջհամայնքային, առավել հաճախ՝ զբոսաշրջային նպատակներով: Վերջիններս համարվում էին յուրատեսակ «VIP»՝ համեմատած «պազիկների» ու ցմփոր «զիլերի» հետ:
Ընդհանրապես, ժամանակին «Իկարուս» անունը որոտում էր երեք մայրցամաքներում։ Հունգարական գործարանը տարեկան հավաքում էր մինչև 120 հազար ավտոբուս, ինչը տպավորիչ է անգամ ժամանակակից ավտոհսկաների համար: Բայց, ինչպես և իր առասպելական անունը կրողը՝ Իկարը, «Իկարուսը» որքան բարձր էր թռչում, նույնքան արագ էլ ընկավ...
«Իկարուսի» պատմությունն սկսվել է համեստորեն՝ Իմրե Ուրիի արհեստանոցով, որտեղ 19-րդ դարի վերջին վերանորոգվում էին կառքերը։ 1920-ական թվականներին ընկերությունն անցնում է ավտոբուսների թափքերի ստեղծմանը, իսկ ավելի ուշ՝ սեփական մեքենաների հավաքմանը: Միևնույն ժամանակ, Հունգարիայում այն ժամանակ հայտնվել էր նմանատիպ պրոֆիլով ևս մեկ այլ ընկերություն՝ «Իկարուսը», որը հիմնել էին Էմեա և Վեչեյ արդյունաբերողները։ Երկու ընկերություններն էլ զարգանում էին զուգահեռ և վստահ՝ մինչև այն պահը, երբ 1940-ականներին միավորվեցին նոր քաղաքական կարգի թևի տակ, այսինքն՝ ազգայնացվեցին, քանի որ Հունգարիան արդեն սոցիալիստական էր։
Ազգայնացված, բայց չկոտրված՝ դրանք վերածվեցին մեկ գործարանի՝ «Իկարուս» անունով՝ ի պատիվ այն երիտասարդի, ով որոշել էր հասնել արևին: Եվ թվում էր, թե «Իկարուսն» իսկապես կհասնի արևին: Դեռ 1962 թվականին տարեկան հավաքվում էր 8 հազար ավտոբուս, իսկ 1970-ականներին արտադրությունը գերազանցում էր 100 հազարի սահմանագիծը։ Յուրաքանչյուր նոր մոդել հետաքրքրությամբ էր ընդունվում, յուրաքանչյուր խմբաքանակ՝ հաճախորդների ծափերով:
Այնուամենայնիվ, առկա էր կախվածությունը մեկ շուկայից: Չնայած «Իկարուսը» ավտոբուսներ էր վաճառում Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի ողջ սոցիալիստական բլոկին, բայց կար միայն մեկ հիմնական հաճախորդ, և դա Խորհրդային Միությունն էր: Այդ կախվածությունն էլ ճակատագրական դեր խաղաց, քանի որ 1987 թվականին պահանջարկը սկսեց կտրուկ նվազել։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո գործարանը մնաց առանց հիմնական գնորդի, սկսվեցին ֆինանսական խնդիրներ ու կրճատումներ։
Առաջին հարվածները հասցվեցին զանգվածային շուկայական մոդելներին։ Արդյունքում՝ 1990-ականներին «Իկարուսը», կորցնելով անձնակազմ և տեխնոլոգիա, խոշոր խաղացողից վերածվեց հետնապահի: 1994 թվականին փորձ արվեց վերադառնալ նոր մոդելի ավտոբուսով, սակայն այն ձախողվեց մրցակցության և շուկայի բացակայության պատճառով։
Ի վերջո, 2007 թվականին գործարանը պաշտոնապես փակվեց։ Եվ միայն 2010 թվականին գործարանի ձեռնարկատեր Գաբոր Սելեսը ապրանքանիշին երկրորդ շունչ հաղորդեց: Այսօր «Իկարուսն» արտադրում է փոքր մոդելների ավտոբուսներ, ներառյալ՝ էլեկտրական, ներքին՝ հունգարական շուկայի համար: Բայց շատերն են հիշում այն ժամանակները, և հատկապես ԽՍՀՄ-ում ապրածները, երբ «Իկարուս» տարբերանշանով ավտոբուսներն էին հիմնականում հանդիսանում հասարակական տրանսպորտային միջոցներ: Ցավալի է, բայց հիմա դրանց կարելի է հանդիպել ընդամենը մի քանի ներքին հունգարական երթուղիներում:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































