«6 տարեկանից աշխատել եմ կինոթատրոններում՝ մաքրելով դահլիճը». հանդիպում Ամիր Նադերիի հետ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում իրանական արմատներով աշխարհահռչակ ռեժիսոր Ամիր Նադերիի հետ։ Նրա պատմությունը կյանքի, արվեստի և կինոյի փոխհարաբերության մասին հուզիչ էր ու ներշնչող։ Tert.am Life-ը ներկա է եղել հանդիպմանն ու առանձնացրել զրույցից մի հատված:
«Երբ մայրս մահացավ, ես ընդամենը հինգ տարեկան էի։ Հայր չեմ ունեցել։ Կյանքումս ամենամեծ դաստիարակը կինոն էր։ Վեց տարեկանից աշխատել եմ կինոթատրոններում՝ մաքրելով դահլիճը, նստարանների արանքները։ Ֆիլմը իմ իրական տունն էր։ Հետո ինը տարեկանում առաջին անգամ դպրոց գնացի»,- անկեղծացավ ռեժիսորը:
Նադերին խոսեց նաև տարածքի նշանակության մասին կինոյում.
«Ֆիլմը սկսվում է տարածքից։ Ես երկար եմ փնտրում ճիշտ տեղանքը, որն արտացոլում է պատմության էությունը։ Իրանում նկարահանած վերջին չորս ֆիլմերս բոլորը բաց երկնքի տակ են եղել»։
Նա համեմատեց մշակութային միջավայրերը՝ Նյու Յորք, Վեգաս, Ճապոնիա՝ բացատրելով, թե ինչպես է տարածքը փոխում իր մոտեցումը։
«Ես լեզվի մարդ չեմ, ես զգացմունքի մարդ եմ։ Ինձ համար կարևոր է, որ ֆիլմը թողնի տեղ հեռուստադիտողի ներաշխարհին՝ առանց բառերով սահմանափակելու»։
Նադերին հիշեց նաև ֆրանսիացի կինոռեժիսոր Անդրեյ Բրեսոնի ազդեցությունն իր վրա.
«Ես նրա հետ երկու անգամ եմ հանդիպել։ Բրեսոնն ինձ սովորեցրեց, թե ինչպես պատմել՝ տարբեր տեսանկյուններից։ Ոչ միայն տեսնել, այլ ապրել՝ այլ մարդու ներաշխարհում»:
Նադերին նաև ընդգծեց, որ ինքը ֆիլմ նկարելիս առաջնորդվում է սրտով: «Ֆիլմը տեխնիկա չէ։ Այն հավատ է, ներշնչանք ու ճշմարտություն»:
Հիշեցնենք՝ Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Ամիր Նադերին։
«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվում է հուլիսի 13-20-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































