Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու
АНАЛИТИКА
Գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանի կողմից նոր ուժ ստեղծելու գաղափարն ահաբեկել է ոչ միայն գործող իշխանություններին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ նաև արևմտյան երկրներին, որոնք հրաշալի հասկանում են, որ Կարապետյանը կարող է լուրջ այլընտրանք լինել Նիկոլ Փաշինյանի համար, խոչընդոտել հարավկովկասյան տարածաշրջանից Ռուսաստանը վերջնականապես դուրս մղելու իրենց ծրագրերին։ Ռուսաստանում էլ հրաշալի հասկանում են, թե ինչով է իրականում զբաղված Փաշինյանն իր արևմտյան հովանավորների հետ, ուստի և փորձում են խաղարկել իրենց վերջին և ամենագլխավոր փամփուշտը։
Հենց դրանով է պայմանավորված Սամվել Կարապետյանի վերադարձը՝ Հայաստան։ Ըստ էության, Փաշինյանը, Արևմուտք մեկնելով, նաև հավաստիացումներ է տվել, որ ամեն ինչ անելու է ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար և առաջին հերթին խոսել է հենց Սամվել Կարապետյանի ու նոր ձևավորվող ուժի դեմ պայքար մղելու վերաբերյալ։ Այս պայքարում Փաշինյանի դեմ են ոչ միայն Սամվել Կարապետյանը՝ իր ռեսուրսներով և հնարավորություններով, այլև խորհրդարանական ու արտախորհրդարանական բազմաթիվ գործիչներ, Հայ առաքելական եկեղեցին, նաև տեղական բազմաթիվ գործարարներ, որոնք դեռևս չեն խոսում, վախենալով իշխանությունների բռնաճնշումներից, բայց ինչ-որ պահի, բնականաբար, կմիանան Սամվել Կարապետյանի նախաձեռնած պայքարին, իսկ դա լրջագույն հետևանքներ կարող է ունենալ։
Առաջիկայում, Հայաստանում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում, ուստի նույնիսկ Եվրամիությունը երեկ հայտարարել է 1․5 միլիոն դոլար լրատվամիջոցներին տրամադրելու մասին։ Բնական է, որ այդ գումարներն ուղարկվելու են արևմտյան կողմնորոշում ունեցող լրատվամիջոցներին, որպեսզի առավել մեծ թափով աջակցեն Փաշինյանին՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի և ռուսամետ քաղաքական ուժերի։ Ուստի առաջիկայում կտեսնենք ինչպես ապատեղեկատվության և ֆեյքերի աննախադեպ տարածման, այնպես էլ իշխանության համար լրջորեն սրվող պայքարի։
Նոնա Սահակյան




















































