«Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 13-ին, 22-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Կինոյի տան բակում կարմիր գորգով անցան կինոյի հայտնի դեմքերն ու կինոսիրողները: Tert.am Life-ը ներկա է եղել փառատոնի բացման արարողությանն ու առանձնացրել կարևոր դրվագները:
Արվեստն այսօր անբաժան է իր ժամանակից, և հենց այդ գիտակցմամբ էլ ձևավորվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում խոսեց ոչ միայն կինեմատոգրաֆիկ ծրագրի ձևավորման մասին, այլև այն բարդ աշխարհաքաղաքական ֆոնի, որի պայմաններում այս տարվա փառատոնն իրականություն դարձավ։
«Որքան ժամանակը մոտենում էր, այնքան ահագնանում էր աշխարհաքաղաքական վիճակն աշխարհում, ինչը անմիջականորեն առնչվում է նաև մեր տարածաշրջանին։ Դրանից ելնելով՝ կարելի էր արդեն կանխատեսել դժվարությունները, որոնք առաջանալու էին միջազգային կոնտեքստում։ Բայց մենք կարողացանք այդ պայմաններում իրականացնել ամբողջական փառատոն՝ ամենաբարձր կազմով՝ թե ժյուրիի, թե պատվավոր հյուրերի առումով», — նշեց Կարեն Ավետիսյանը։
Նրա խոսքով, փառատոնը երբեք էլ չի եղել զուտ ժամանցային։ Այս տարվա ծրագիրը ևս միտված է ոչ թե իրականությունից խուսափելուն, այլ՝ դրա հետ ազնիվ առերեսմանը։
«Մենք կենտրոնանում ենք ոչ թե ժամանցային ֆիլմերի վրա, այլ այնպիսի ֆիլմերի, որոնք առավել խորքային կերպով են արտացոլում մեր իրականությունը։ Փորձում ենք այդ ֆիլմերով մատնացույց անել այն զգայուն, խոցելի ու հաճախ ցավոտ հարցերը, որոնցից խուսափելն այլևս հնարավոր չէ»:
Այս տարվա հատուկ հյուրերի ընտրությունն էլ բացահայտ արտացոլում է փառատոնի այս ուղղվածությունը։
«Այս տարի մեզ մոտ հյուրընկալվում է Ամիր Նադերին՝ Իրանի հետհեղափոխական շրջանի ամենանշանակալի ռեժիսորներից մեկը, որը կանգնած է այն ալիքի ակունքներում, որից սկսած նաև «Ոսկե Ծիրան»-ը ոգեշնչում է ստացել»:
Եվ առաջին անգամ՝ պատվավոր հյուր Աֆրիկայից.
«Աբդերահման Սիսակոն, որի անունը հպարտությամբ է հնչում ամենանշանակալի փառատոններում, Կաննում եղել է ժյուրիի նախագահ, արժանացել է Սեզարի։ Սա մեզ համար մեծ ձեռքբերում է»։
Աշխարհագրական ընդգրկումն այս տարի առավել ընդգծված է.
«Մեր տարածաշրջանը մենք ընկալում ենք լայն՝ սկսած Իսրայել-Պաղեստին գոտուց մինչև Հարավային Կովկաս ու արաբական աշխարհ։ Եթե տարիներ առաջ որոշներին թվում էր՝ իբր արհեստական կապ է մեր ու այդ երկրների միջև, ապա այսօր, ցավոք, կյանքը ապացուցել է՝ այդ տարածաշրջանները խորապես կապված են միմյանց հետ։ Եվ կինոն էլ դա է ցույց տալիս»։
Այս տարի փառատոնը ներկայացնում է շուրջ 100 ֆիլմ՝ ավելի քան 30 երկրից, և կարևոր ձեռքբերումներից մեկը՝ միջազգային ճանաչման ուղին է։
«Մենք ավարտին ենք հասցնում աշխատանքը համաշխարհային կինոփառատոնների ասոցիացիայի հետ։ Մոտենում ենք ընտրյալ 50 փառատոնների ցանկին, որոնք արժանանում են բարձր միջազգային հավաստագրի։ Դա դեռ արձանագրված չէ, բայց շատ մոտ ենք։ Հուսով եմ՝ հաջորդ մեր հանդիպման ժամանակ արդեն կարող ենք պաշտոնապես հայտարարել այդ մասին»։
Փառատոնի բացման ամենահուզիչ պահերից մեկն անկասկած հանդիսացավ Ջաֆար Փանահիի և Ամիր Նադերիի հանդիպում-գրկախառնությունը՝ տարիներ շարունակ զրկանքների միջով անցած երկու կինոռեժիսորների համամարդկային և արվեստով կապված մի պահ։
Երեկոյի մյուս կարևոր դրվագներից էր նաև «Փարաջանովյան Թայլեր»-ի հանձնումը՝ հանդիսատեսի ջերմ ընդունելության ուղեկցությամբ, որը դարձավ փառատոնի բովանդակության ու ուղերձի արժանի խորհրդանիշը։




















































