«Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարի՝ 22-րդ անգամ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կրկին Երևանը վերածել է արվեստի կենտրոնի՝ հյուրընկալելով կինոյի աշխարհից տաղանդավոր անունների, նրանց թվում նաև Վաչե Թովմասյանին և Կարեն Կարագուլյանին։ Փառատոնի բացմանը Tert.am Life-ը զրուցեց նրանց հետ՝ կինոյի, հայրենիքի և վերադառնալու զգացողության մասին։
Վաչե Թովմասյան.
«Հրաշալի փառատոն է։ Իսկապես հրաշալի է, որ Հայաստանը այսպիսի բարձր մակարդակի փառատոն ունի։ Ինձ համար ուղղակի հաճույք է այստեղ լինելը։ Այսքան փառատոններից հետո սա մի հատ յուրահատուկ տեղ է գրավում իմ սրտում։ Ոնց որ վերադառնաս տուն»։
Կարեն Կարագուլյան.
«Ճիշտն ասած՝ յոթ տարի առաջ էի վերջին անգամ եկել։ Հիմա հենց նոր եմ ժամանել, դեռ ոչինչ չեմ տեսել, բայց արդեն ամեն ինչ շատ գեղեցիկ է, մարդիկ՝ շատ սիրուն։ Մտածում եմ՝ մի քանի օրից հետո ավելի կոնկրետ կպատասխանեմ ձեր հարցին»։
Թեև Վաչեն ապրում է արտերկրում, Հայաստան վերադառնալը շարունակում է մնալ բնական ու հարազատ։
«Չորս տարի է՝ դրսում եմ ապրում, բայց տարում մինիմում երկու անգամ գալիս եմ։ Հատուկ փոփոխություն չկա, բայց միշտ ավելի լավն եմ տեսնում՝ ավելի դրական, ավելի պոզիտիվ», – նշեց նա։
Խոսեցինք նաև նոր նախագծերից, որոնց մասին, սակայն, դեռ փակագծերը չեն բացվում։
«Ֆիլմերի մասով չեմ կարող շատ բան ասել, բայց Կարենը հիմա մի շատ ուժեղ տեղ է նկարահանվում։ Չեմ կարող փակագծերը բացել, բայց այնքան հպարտ եմ, որ ուրախությունից թռվռում էի իր համար», – ժպիտով ասաց Վաչեն։
Իսկ Օսկարի հետ կապված պատմությունը մնում է հիշարժան։
«Նախ ասեմ՝ մենք Օսկարագիր չենք, ֆիլմն է Օսկար տարել։ Բայց մենք այնտեղ ենք եղել ու կպել ենք Օսկարի արձանին։ Շատ հավես էր։ Հպարտանում եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնով։ Կարող եմ ասել՝ Օսկարն ու Գոլդեն Գլոբը հանած՝ մնացած մրցանակաբաշխություններից շատ ավելի լավ է կազմակերպվում»։
Նրանց մուտքը «Ոսկե ծիրան» մի փոքր հիշեցնում է երազանք, որ իրականություն է դարձել։
Կարենն ավելացրեց.
«Մենք Վաչեի հետ դեռ կինոն նկարելու ժամանակ ասում էինք՝ կլինի՞ մի օր գնանք «Ոսկե ծիրան», ներկայացնենք մեր ֆիլմը։ Էդ օրը եկավ։ Իրականում ավելի ոգևորված էինք հենց սրա համար»։




















































