ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար
АНАЛИТИКА
«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր Սյունիքի մարզում՝ «Գորիս» հյուրանոցում, կուսակցության քաղաքական ժողով է հրավիրել, որին 200-ից ավելի քպականներ են մասնակցում, պատգամավորներ, պաշտոնյաներ, վարչության անդամներ։ Քպականները Գորիս մեկնել են երեկ, ռեստորանում մի լավ քեֆ արել, իսկ այսօր արդեն քննարկելու են իրենց հուզող հարցերը փակ ֆորմատով։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմնական հարցը կուսակցության վարչության առաջիկա ընտրություններն են, ինչպես նաև ընդդիմության, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավը։ Փաշինյանը բավական մարտական է տրամադրված և փորձելու է այժմ մի վերջին անգամ հասկանալ կուսակիցների տրամադրվածությունը։ Շատերը հենց կուսակցության ներսում հայտնվել են «գերագույնի» թիրախի ներքո, քանի որ տևական ժամանակ կարծես մի կողք էին քաշվել և չէին արձագանքում իշխանության հասցեին քննադատություններին։
ՔՊ-ն, մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը համապատասխան կառույց էին ստեղծել, որը մանրամասն, ըստ հարցազրույցների, մեկնաբանությունների, ակտիվության գնահատում էին քպականների վարքուբարքը, և այժմ այդ ցուցակը ևս Փաշինյանի սեղանին է հայտնվել։ Եվ նա դրանով հաշիվներ է պարզելու կուսակցության ներսում՝ ներկայացնելու, թե ով որքան աշխատանք է տարել կուսակցության համար։ Եվ հենց այդ ցուցակը հաշվի առնելով էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրական ցուցակներն են գրելու։
Ի դեպ, ՔՊ-ում շատերը դժգոհ են Արայիկ Հարությունյանի այս քայլից և կարծում են, որ Հարությունյանը շատ դեպքերում որոշ մարդկանց ակտիվությունն ուռճացրել է, մյուսների դեպքում էլ ավելի նվազեցրել՝ իր կողմնակիցներին ՔՊ-ում ավելի մեծ տեղ տալու նպատակով։
Իրինա Մինասյան




















































