Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»
АНАЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է.
vfokuse.mail.ru-ն «Երևանն իր անվտանգությունը հանձնում է Անկարային. ո՞վ կլինի Զանգեզուրի համար պայքարում գլխավոր պարտվողը» վերնագրով հոդվածում գրում է, որ Կենտրոնական Ասիայի երկրների, Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի մասնակցությամբ Ղարաբաղում Թուրքիայի կողմից կազմակերպված Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջին գագաթաժողովը դարձել է նշանակալի քաղաքական իրադարձություն: Ռուսաստանը չէր հրավիրվել այդ հանդիպմանը, ինչը կարելի է դիտարկել որպես Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ցանկության հստակ ակնարկ։
«Ռուսաստանի բացառումը «Զանգեզուրի միջանցքի» քննարկումից ոչ միայն արարողակարգային քայլ է, այլ նաև տարածաշրջանային ճարտարապետությունը վերաձևակերպելու ռազմավարության մաս, որտեղ Մոսկվան չի տեղավորվում հիմնական խաղացողների ծրագրերում», - vfokuse.mail.ru-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, Սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։
Վերլուծաբանները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանի դիրքորոշմանը, որը, ըստ Սեմիբրատովի, ռիսկի է դիմում դառնալ այդ խաղի գլխավոր պարտվողը։ «Երևանը, զիջելով այսրոպեական քաղաքական հույզերին, իրեն դնում է խոցելի դիրքում։ Դա հիշեցնում է այն ասացվածքը, թե «երեխան, չնայած իր ականջներն է սառեցնում, բայց գլխարկ չի դնում մորը չարացնելու համար»։ Հայաստանը, առանց հուսալի այլընտրանքի մերժելով ռուսական ազդեցությունը, խաթարում է իր սեփական անվտանգությունը, - մեկնաբանել է փորձագետը,– այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կոշտ դիրքորոշում ունեն հայկական պետականության նկատմամբ, նման ընտրությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների»։
Սեմիբրատովը կարծում է, որ Զանգեզուրի հարցում արևմտյան կառույցների դերը, ինչպիսիք են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն, սահմանափակ է։ «Արևմուտքի ներգրավվածությունը ձեռնտու չէ Թուրքիայի համար՝ հաշվի առնելով արևմտյան շատ երկրների հայամետ տրամադրությունները և ԱՄՆ-ում ուժեղ հայկական լոբբին։ Անկարան և Բաքուն, ունենալով ավելի ուժեղ դիրքեր Երևանի հետ եռանկյունում, դժվար թե այնպիսի զիջումների գնան, որոնք կներառեն արևմտյան միջնորդներ», - բացատրել է փորձագետը։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի՝ ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից բոնուսներ ստանալու նպատակով ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հավանականությունը դեռևս փոքր է, բայց եթե դա լինի, ապա «կարող է հանգեցնել արմատական քայլերի, այդ թվում՝ Գյումրուց ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջի»։ «Նմանատիպ սցենարը, ինչպես եղավ 2006-2007 թվականներին Վրաստանից ռուսական բազաների դուրս բերման դեպքում, լուրջ հարված կլինի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար։ Սակայն, օրինակ՝ ռուսական ռազմական ներկայությունը Ֆրանսիայով փոխարինելը անիրատեսական է, իսկ «անվտանգության հովանոցի» բացակայությունը՝ ուղղակի սպառնալիք հայկական պետականության համար», - եզրափակել է Սեմիբրատովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































