«Շատ եմ սիրում իմ էս կեղտոտ քաղաքը, իմ էս ծուռը փողոցները». Խաչքարագործը Վանաձորի մասին
ОБЩЕСТВОՎարպետ Սերգեյի ապուպապերը գաղթական են, Էրզրումից են եկել: Սկզբում գնացել են Հունաստան, բայց շոգին չդիմանալով՝ տեղափոխվել են Թիֆլիս, այդտեղից էլ՝ Կիրովական: Քանի որ Էրզրումը կլիմայական պայմաններով նման է Կիրովականին, այստեղ հարմարվել են, հող են գնել, տուն սարքել: Ողջ կյանքը վարպետն ապրել ու ստեղծագործել է Վանաձորում:
«Նույնիսկ իմ թոռներով, իմ էրեխանցով երդում եմ կերել՝ եթե ասեն Նյու Յորքի բանկում 10 մլն փող էլ ունես, պետք ա գնաս ընդեղ ապրես, չեմ գնա: Ես խելագարվում եմ, չեմ կարում դուրսը մնամ,- ասում է վարպետն ու անկեղծանում,- Շատ եմ սիրում իմ էս կեղտոտ քաղաքը, իմ էս ծուռը փողոցները»:
Սերգեյ Դանիելյանը Լոռիում խաչքարի դպրոցի հիմնադիրն է: Խաչքարերի նրա ձեռագիրը ճանաչվում է հիմնականում բուսական մոտիվներով, չնայած երբեմն երկրաչափականն էլ է օգտագործում: Սև քարը Գյումրու կողմից է բերում, կարմիրը՝ Արմավիրի շրջանի հանքերից: Բացի խաչքարից՝ քարի հետ կապված ամեն գործ անում է վարպետ Սերգեյը. աղբյուրներ է սարքել, հուշարձաններ, եկեղեցու կամարներ, քարից սափորներ, որը նորամուծություն է Հայաստանում. հայտնի է, որ հայկական կուժը պատրաստվում է կավից, իսկ վարպետը, հայկական ձևը պահելով, այստեղ էլ է քարի արվեստ ներմուծել՝ ստանալով քարից սափորներ:
Կիսատ է թողել այս ճյուղը, որովհետև տեսողությունն այլևս չի ներում: 45 տարի է զբաղվում է խաչքարագործությամբ: 40-ից ավել աշակերտներ է ունեցել, որոնք էլ հիմա իրենց աշակերտներն ունեն: Վարպետը 500-ից ավել խաչքարեր է ստեղծել, որոնցից 108-ը 15 երկրում է կանգնեցված: Պատվերները հիմնականում արտերկրի հայկական համայնքներից են: Իսկ 90-ականներին վարպետն ինքն էր խաչքարերը երկրից դուրս տանում: ««Ինտերկապի» տնօրենը ասավ՝ գնացել եմ, օգնություն եմ բերել, բա մենք ի՞նչ կարանք տանք էդ մարդկանց, ասի՝ բեր խաչքար տանենք. ասավ՝ խելացի բան ես ասում: Առաջին խաչքարը տարել ենք դժվարությամբ, սահմանը չէին թողնում, Գերմանիա ենք տարել ու դրանից հետո սկսվեց: Հետո՝ Ֆրանսիա, Շվեդիա, Հունաստան:
Միշտ հետևում գրվել է 2 լեզվով, ասենք՝ ֆրանսերեն-հայերեն, գերմաներեն-հայերեն «Երախտապարտ հայ ժողովրդի կողմից»,- պատմում է վարպետը: Հետո արդեն վարպետի ճանաչումն արտասահմանում տարածվել է, և պատվիրատուներն արդեն իրենք էին դիմում, հատկապես հայկական համայնքներից, քանի որ հայերի մոտ, որտեղ էլ լինեն, օրենք է, եկեղեցի կառուցելիս անպայման խաչքար են կանգնեցնում: Վերջին տարիներին Սերգեյ Դանիելյանը շատ խաչքարեր է ուղարկել Սիբիրի կողմերը, Կրասնոյարսկ, Պեչորա: Իր ամենամեծ խաչքարը՝ Եղեռնին նվիրված, համարյա 4 մետր բարձրությամբ, վերջերս է տեղադրել Մասիս քաղաքում:
Նախկինում արտերկրի պատվերներն էլ էր ինքը տանում, տեղադրում, հիմա տարիքն էլ չի ներում (արդեն 70 տարեկան է), բացատրում է, տեղադրում են: Լեհաստանի խաչքարը, օրինակ, հեռախոսով են տեղադրել, մի քանի օրում: «Խաչքարը տարել են, արդեն ընդեղ ա, ասում ա՝ վարպետ ջան, ինչ պիտի անենք, հեռախոսով ես բացատրում եմ՝ ինչ պըտի անեն, մի 3 օր բացատրեցի, պատվանդանը դրեցին, հըմի խաչքարի դնելու օրն ա, հեռախոսով ասում եմ՝ ռեմենը գցեք, խաչքարը բարձրացրեք, չի՞ կտրվի, այ մարդ, ինչ ասում եմ, դուք արեք հերթով, հիմի դրեք, տակը ցեմենտ չլցնեք, սենց, սենց:
Վերջը խաչքարը դրել են»,- պատմում է վարպետը: Վարպետ Սերգեյն իրենից հետո իր գործը թոռանն է փոխանցելու: «Լավ տղա թոռ ունեմ 14 տարեկան, տաղանդավոր երեխա ա, բայց թամբալ, խաղին ա ուշքը գցում: Ինչ գծեցի, շըպպալով տաշում ա, հարց չկա, հետո ես նրան առաջինը նկարչությունն եմ սովորացրել, ինձնից լավ ա նկարում: Ասում եմ՝ Հայաստանում ֆուտբոլ մարզաձև չկա, ֆուտբոլը ի՞նչ ա, ես էլ եմ ջահել վախտ խաղ արել, ի՞նչ անեք: Կգա տարիքը կառնի, խելքը կհասնի տեղը, կգնա բանակ կգա, կանցնի իրա գործին»,- ասում է նա: Անկախության տոնի առթիվ իր վաստակի համար խաչքարագործը հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով:
Ադրինե Թորոսյան









