Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը
ПОЛИТИКА
«Փաստ»-ի ձեռքի տակ գտնվող վերլուծական տվյալները փաստում են, որ 2025 թվականի հունիս ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խոզնավարի ուղղությամբ շարունակվել է կրակոցների կայուն և կանխամտածված ինտենսիվություն։
Մասնավորապես՝ հունիսի երրորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր խախտել են հրադադարի ռեժիմը՝ «ՊԿ» տեսակի գնդացիրներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Միջինում արձանագրվել է օրական 20-30 փամփուշտի սպառում։
Նման մարտավարությունն անփոփոխ է պահպանվել նաև հունիսի չորրորդ շաբաթվա ընթացքում։ Կրակոցների բնույթը և հաճախականությունը հստակ վկայում են, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն պահպանում է լարվածության գոտի՝ ձգտելով հոգեբանական ճնշում գործադրել թե՛ առաջնագծում ծառայող զինվորների, թե՛ սահմանամերձ բնակչության վրա։ Հնչող կրակոցներն իրականացնում են սիստեմատիկ միջամտության դեր՝ ստեղծելով վախի և անորոշության մթնոլորտ։
Այս իրադրության համատեքստում հիշատակման արժանի է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտնի հայտարարությունը, ով իր պաշտոնավարման շրջանում խոստովանել էր, որ անձամբ է հրաման արձակել կրակ բացել Հայաստանի սահմանը խախտած թշնամու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ առանց այդ հրամանի զինվորը չէր կարող լիարժեք պաշտպանված լինել։ «Հանրապետության ղեկավարական կազմին իմ հրամանը հարմար չեկավ, և ինձ ազատեցին պաշտպանության նախարարի պաշտոնից։ Մնացած դատողությունները թողնում եմ մեր ժողովրդին։ Ես կատարեցի իմ պարտքը՝ պաշտպանելու մեր հայրենիքը և մեր զինվորներին», – նշել էր Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ ժողովուրդը կտեսնի ճշմարտությունը։
Նախկին նախարարը նաև հիշեցրել է․ «Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են»։
Անվտանգության անկատառումներից ելնելով՝ չենք հրապարակում դիրքերի և տեղանքների անվանումները։ Սակայն փաստագրումն իրականացվում է շարունակական ռեժիմով, և «Փաստ»-ը շարունակելու է դիտարկել իրավիճակը ՀՀ սահմաններին։




















































