«Շատ ծանր էր բժիշկների հետ հանդիպումը, բարդ է լինելու նաև ֆիլմում նկարահանվելը». Նարինե Պետրոսյան
ИНТЕРВЬЮ
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Ջիվանի կողքին և փորձել այնպես անել, որ այս ֆիլմը կյանքի կոչվի: Ես կարծում եմ, որ սա մեր բոլորի՝ հայերի պարտքն է, ու սա այն չնչին բանն է, որ մենք կարող ենք անել նրա համեմատ, թե ինչ են արել մեր լուսավոր տղաներն ու մեր հրեշտակ բժիշկները»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Ջիվան Ավետիսյանի «20 20-ի հրեշտակները» ֆիլմի մասին, ասել է դերասանուհի Նարինե Պետրոսյանը:
Դերասանուհին ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին ու խոստովանում, որ այս ընթացքում շատ ծանր էր բժիշկների հետ հանդիպումը: «Երբ դիմացդ նստած է բժիշկ, ում ձեռքերի վրա տասնյակ տղաներ են զոհվել, պատմելուց ամեն անգամ տեսնում ես նրանց ապրումները, կարծես նորից իրենց հետ վերապրես այդ սարսափելի օրերը»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին:
Նարինե Պետրոսյանի խոսքով՝ դժվար կլինի ֆիլմում նկարահանվելը, բայց այն մեծ կտավ կլինի, ոչ թե գեղարվեստական ֆիլմ: «Մենք տեսնելու ենք մեր կյանքից մի փոքր դրվագ, որը մեզ հետ կատարվել է:
Ջիվանի հետ աշխատելիս փորձ եմ ունեցել նաև ադրբեջանուհու մարմնավորել, ինչը այդ ժամանակ ինձ համար անհասկանալի ու հակասական էր, դա ինձ համար ավելի անհասկանալի ու վախենալու էր: Ուղղակի, եթե Ջիվանը ինչ-որ բան անում է, ես երկու ձեռքով նրա կողքին եմ լինում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Նարինեն ու վերհիշեց, որ իրենց ընկերությունը սկիզբ է առել ուսանողական տարիներից:
Միասին են սովորել, այնուհետև սկսել են համագործակցել ֆիլմերի շուրջ և դարձել մտերիմ ընկերներ:
«Ջիվանն ինձ համար եզակի, արժանապատիվ Արցախցի է և նա ինձ համար հանդիսացել է կապող օղակ Արցախի հետ, ինչի համար թե՛ ուրախ եմ, և թե՛ ինչ-որ չափով կսկիծով։
Ջիվանի հինգ ֆիլմերից չորսում մասնակցություն եմ ունեցել և ականատեսն եմ եղել բոլոր այն դժվարություններին, թե ինչպես էր նա իր առաջին ֆիլմը ստեղծում և ինչ պայմաններում էր փորձում իրականացնել իր երազանքը:
Հետագայում տեսնում էի, թե ֆիլմից ֆիլմ ինչպես է նա կարողանում հաղթահարել բարդությունները, ստեղծել դերասանների և ամբողջ անձնակազմի համար պայմաններ ու կարողանալ ամեն ֆիլմից հետո զարմացնել իր աշխատասիրությամբ, իր տաղանդով ու համառությամբ: Եվ վերջին՝ «20 20-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ տեսա ինչ դերասանական կազմ է ընդգրկված, թե ինչպես է նա կարողանում համախմբել տարբեր երկրներից համարտադրողների, ես ուղղակի հպարտությամբ եմ լցվում, որ տեսնում եմ, թե ինչ առաջընթաց ունի իմ ընկերը»,- ամփոփեց Նարինե Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ ֆիլմը հարգանքի տուրք է արցախյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգած բուժաշխատողներին:
«2020-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի:
Այս ընթացքում թիմը սպասում է Հայաստանի կինոյի հիմնադրամից պետական աջակցության:




















































