Մարզական նոր միջոցառման հիմք դրվեց
ОБЩЕСТВО
Բաղաց անտառի գրկում՝ խորհրդային տարիներին գործող «Գանձասար» պիոներական ճամբարի տարածքը հունիսի 28-29-ին մարդաշատ էր։ Անցկացվեց Մետալուրգի օրվան նվիրված «Առողջության օր-2025» միջոցառումը, որ համախմբել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցում էր ձեռնարկության 13 թիմ՝ «Անհաղթ արջեր», «Դիզել», «Կոմերցիոն փոթորիկ», «Կապուտջուղ», «Սեյսմիկ հարված», «Խուստուփ», «Կանադ», «Լեռնային արծիվներ», «Գարեգին Նժդեհ», «Հաջողության անիվ», «Գանձասար», «Բացահանք», «Զանգեզուր»։
Նախ թիմերը հանդիսավոր քայլքով անցան և տեղ զբաղեցրին հրապարակի կենտրոնում՝ յուրանքանչյուրն իր անվանումով և նշանաբանով։ Միջոցառման գլխավոր մրցավար Աննա Գրիգորևան զեկուցեց մրցումների կազմկոմիտե նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին թիմերի՝ մրցումներին պատրաստ լինելու մասին։
Ողջերթի խոսքով հանդես եկավ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը՝ հավաստիացնելով, որ մրցումները առողջ ապրելակերպի, միմյանց հետ շփվելու և համախմբվելու բացառիկ հնարավորություն է և դրանցով կարելի է նոր իմաստ հաղորդել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-համայնք տրամաբանության մեջ։
Ռոման Խուդոլին ասաց, որ «Առողջության օր-2025»-ը կոմբինատի կորպորատիվ մշակույթի տոնն է, տոն՝ առողջության և երկարակեցության, և համոզմունք հայտնեց, որ մրցումները կդառնան ավանդական։
Կոմբինատի արհմիության նախագահ Տիգրան Սարգսյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ մրցումները կանցնեն արդարության մթնոլորտում, իսկ դրանց ավարտից հետո մասնակիցները կբաժանվեն հաճելի հուշերով։
Հանդիսավոր արարողությունից հետո սկսվեցին մրցումները՝ վոլեյբոլ, ֆուտբոլ, ուժային բազմամարտ, պարանի ձգում և այլ մրցաձևերից։ Երկու օր շարունակ միջոցառման մասնակիցներն անհաշտ պայքարում փորձում էին մրցանակակիր դառնալ։ Առողջության օրը չսահմանափակվեց միայն մարզական միջոցառումներով․ անցկացվեցին ճամբարի լավագույն ձևավորման, երգի և խոհարարական մրցույթներ։
Երբ ամփոփվեցին արդյունքները, պարզ դարձավ, որ մրցանակային երեք տեղը զբաղեցրել են պոչամբարային տնտեսության, «Խուստուփ», անվտանգության դեպարտամենտի «Զանգեզուր», հարստացուցիչ ֆաբրիկայի «Գարեգին Նժդեհ» թիմերը։ Հաղթողներն արժանացան հավաստագրերի և դրամական պարգևների։
Միջոցառման մասնակիցները միմյանց հրաժեշտ տվեցին՝ հաջորդ մրցմանը նույն ոգով և տրամադրությամբ հանդիպելու ակնկալիքով։




















































