Փաշինյանի վախերը նոր բռնաճնշումների սկիզբ են դարձել
АНАЛИТИКА
Ինչպես և կանխատեսել էինք, իշխանական կայքերում հրապարակված «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը փաշինյանական իշխանության համար առիթ էր դառնալու ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա իսկական հարձակում սկսելու։ Հենց երեկ առավոտյան տասնյակ խուզարկություններ էին իրականացվել, հարձակվել էին «Սրբազան պայքար» շարժման վրա, բերման ենթարկել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, նրա բազմաթիվ կողմնակիցների՝ մեղադրելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
Արդեն այս գիշեր Սրբազանի և նրա մի քանի այլ կողմնակիցների կալանավորել էին 2 ամսով։ Բռնաճնշումներն, իհարկե, շարունակվելու են, գործող իշխանությունը որևէ կերպ չի հանգստանալու։ Հատկապես գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Հայաստան գալու, քաղաքական հայտ ներկայացնելու և իշխանությանը քննադատելու ֆոնին, փաշինյանական վարչախումբը չափազանց վախեցած է և ամեն ինչ անելու է բոլոր ընդդիմադիրներին ճնշելու, դիմադրության օջախները մարելու համար։
Երեկ սկսված ոստիկանական տեռորն ուղեկցվում էր նաև բավականին սինխրոն կազմակերպված քարոզչական հարձակմամբ, իշխանական ողջ կոհորտան՝ պատգամավորները, քարոզչամիջոցները, ձեռնասուն փորձագետներն ու քաղաքական գործիչները, իրենց արևմտամետ համարող քաղաքական ուժերը՝ հայհոյանքներով, վիրավորանքներով արշավ սկսեցին Բագրատ Սրբազանի, Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմության դեմ, օգտագործելով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունները, թքած ունենալով անմեղության կանխավարկածի վրա։
«Քաղպայմանագիրն» ու նրա սպասարկուները վայնասուն էին բարձրացրել, իբր Հայաստանում ահաբեկչություն են կանխել, առգրավված զենքերն էլ որսորդական հրացաններ են, որոնք բոլորն օրինական էին։
Փաստացի, փաշինյանական վարչախումբն այս կերպ ցուցադրում է իր վախերը, բայց մտադիր է մինչև վերջ կռիվ տալ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, դրա համար կանգ չառնելով ոչնչի առջև։ Հանրության մի հատվածն, իհարկե, չհավատաց Փաշինյանի և նրա թիմի տարածած կեղծիքներին, շատերն էլ նախընտրեցին լռել, բայց վաղ թե ուշ գալու է մի իրավիճակ, երբ պետք է ընտրություն կատարել, թե ո՞ր կողմում են՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Հայաստանը զավթած և Թուրքիայի ու Ադրբեջանի տիրապետության տակ դրած հանցախմբի։
Հայաստանը պարտվելու տարբերակ չունի։
Աստղիկ Բաբայան




















































