Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին
АНАЛИТИКА
Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը նշանավորվեց մեկ հատկանշական իրողությամբ, Հայ առաքելական եկեղեցու սպասավորները բացահայտ հրաժարվեցին հանդիպել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող և հայ եկեղեցու դեմ վերջերս կոշտ պայքար սկսած Նիկոլ Փաշինյանի հետ։ Ժամանելով Ստամբուլ՝ Փաշինյանն առաջին հերթին հանդիպում է ունեցել Ստամբուլի հայ համայնքի հետ։
«Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները չեն մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը, որին ընդհանուր 5 տասնյակ մարդիկ են մասնակցել։ Ավելին, պատրիարքարանը փակել են, որպեսզի, եթե Փաշինյանն ուզենա այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան։ Հանդիպմանը ներկա չի եղել նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, ով արդեն մեկ շաբաթ է գտնվում է Միացյալ Նահանգներում։
Մասնակցել են համայնքային հաստատությունների ղեկավարներ, բողոքական և Հայ կաթողիկե համայնքի առաջնորդները։
Հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի, որտեղ ևս որևէ հայ հոգևորական Փաշինյանին չի դիմավորել՝ այդկերպ ցույց տալով իրենց վերաբերմունքը եկեղեցու դեմ պայքար մղող անձնավորության դեմ։ Ավելին, Հայաստանում լուրեր են շրջանառվում, թե Փաշինյանի թեկնածուն կաթողիկոսի պաշտոնում հենց Սահակ պատրիարք Մաշալյանն է։ Իսկ այս վերաբերմունքով Մաշալյանը ցույց է տալիս, որ բոլորովին չի ցանկանում խաղալիք դառնալ Փաշինյանի կեղտոտ խաղերում, և կանգնած է Հայ առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին Երկրորդի կողքին։
Մարի Վարդանյան




















































