12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»
КУЛЬТУРА
«Փաստ» օրաթերթը գրում է.
Յուրահատուկ հպարտություն և ոգևորություն է միջազգային բեմերում տեսնել Հայաստանը ներկայացնող մասնակիցների։ Ոգևորությունը կրկնակի է, երբ նրանք տարբեր մրցույթներում զբաղեցնում են պատվավոր հորիզոնականներ։
Օրերս Նատալի Սաֆարյանը մասնակցել է Լոնդոնում կայացած միջազգային «Golden Time Talent» արվեստի մրցույթ-փառատոնին և զբաղեցրել առաջին հորիզոնականը (իր տարիքային կատեգորիայում)՝ երգի և ժամանակակից պարի անվանակարգերում։ Նա այժմ արդեն հանդիսանում է նաև «Global Talent confederation»-ի անդամ։ Այս ասոցիացիան միավորում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող տաղանդավոր մարդկանց։ Նույն ժամանակահատվածում Նատալին հրավիրված է եղել նաև Լոնդոնում հայկական համայնքի համար կազմակերպվող ամենամյա «Armenian summer festival»-ին։
Նատալին 12 տարեկան է, ծնվել է Երևանում, ներկայումս սովորում է 7-րդ դասարանում։ Դեռ փոքր տարիքից նրա հետաքրքրությունների կենտրոնում են եղել արվեստի տարբեր ուղղությունները։ Պարել սկսել է երեք ու կես, երգել՝ չորս տարեկանից։ Նա հասցրել է մասնակցել մի շարք մրցույթների՝ ներկայացնելով Հայաստանը և զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ Ինը տարեկանում, մասնակցելով միջազգային «Big Scene» մրցույթին, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Մասնակցել է «Stars of Paris» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին՝ 2-րդ տեղը զբաղեցնելով երգի և 1-ին տեղը՝ ժամանակակից պարի անվանակարգերում։
Նատալին արդեն չորս տեսահոլովակ ունի, այդ թվում՝ մեկ զուգերգ և «Live in Peace» նախագծի ակտիվ անդամներից է։ Չնայած փոքր տարիքին՝ հասցրել է նաև բարեգործական մենահամերգով հանդես գալ Տավուշի մարզում։ Վերջին յոթ տարվա ընթացքում նա նաև որպես լրագրող և հաղորդավար հանդես է եկել Հայաստանի Հանրային ռադիոյի մանկական և երիտասարդական ծրագրերում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

























































