Փաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում Թուրքիայում
АНАЛИТИКА
Հայաստանի իշխանությունները հաստատել են վաղուց շրջանառվող տեղեկությունները, որ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Խորհրդարանի նախագահը հայտնել է, թե դա պատմական այց է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց իրականացնելու։ Նա վստահեցրել է, որ Հայաստանում պատերազմ չլինելու համար կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում, և դրանցից մեկը Փաշինյանի այցն է Թուրքիա։
Իրանա-իսրայելական կտրուկ սրման պայմաններում Փաշինյանին Թուրքիա կանչելը մի քանի նպատակ ունի, և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պարզապես իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։ Մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվել, որ Փաշինյանն Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարց։ Ընդհուպ քննարկվում է, թե որտեղ պետք է ստորագրվեր այդ խաղաղության պայմանագիրը՝ ԱՄՆ-ում, թե Արաբական Միացյալ Էմիրություններում։
Նշվում է նաև, որ Փաշինյանին հաջողվել է Սահմանադրության փոփոխման նախապայմանը հանել բանակցություններից՝ փաստարկելով, որ որևէ կերպ հնարավոր չէ հասնել Սահմանադրության այդպիսի փոփոխության, և դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ իր իշխանության պահպանման համար, Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն կարողանալու շարունակել ազդեցություն ունենալ Հայաստանի գործող իշխանությունների վրա։
Հենց այս զարգացումներով է պայմանավորված Փաշինյանի հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու և նրա աջակիցների նկատմամբ, իսկ երեկ գիշեր նրա ցնցումները, հայհոյախառն գրառումները, Ռուսաստանից Հայաստան ժամանած մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավն ու ձերբակալությունը, որով Փաշինյանը պարզապես ցանկանում է հանրության ուշադրությունը շեղել հերթական դավաճանական քայլից, որը նա պատրաստում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ բնավ զարմանալի չէ, որ Փաշինյանը միտումնավոր սրում է իրավիճակը, իսկ հանրությունն էլ ակտիվորեն զբաղված է այս զարգացումներով, որևէ կերպ ուշադրություն չդարձնելով, թե ինչ է սպասում Հայաստանի Հանրապետությանը Թուրքիայում։
Անժելա Աբովյան




















































