Ինչո՞ւ և ինչպե՞ս ժամանակին հայտնվեցին կարմիր փողով ատրճանակները․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցյալ դարի 30-40-ական թվականներին ԽՍՀՄ-ում զանգվածային արտադրության ՏՏ-ների մեջ կային տեսակներ, որոնց փողն ուներ կարմիր գույն։ Տարբեր գնահատականներով, դրանց թիվը կազմել է արտադրության ընդհանուր ծավալի 0,5-2 %-ը։ Այդ մոդելներն այժմ գնահատվում են կոլեկցիոներների կողմից և հաճախ ավելի թանկ արժեն, քան ստանդարտ մոդելները: Այնուամենայնիվ, չնայած նման ատրճանակների ապացուցված գոյությանը, դեռևս շատ հարցեր կան՝ կապված նման գույնի ՏՏ–ների առաջացման պատճառների հետ:
Այս պահին առավել տարածված է երկու վարկած: Առաջինի համաձայն, այդ անսովոր գույնն առաջացել է մետաղի օքսիդացման փուլում սխալների արդյունքում։ Երկրորդը ենթադրում է, որ նման ատրճանակները պատրաստվել են հատուկ ՊԱԿ-ի աշխատակիցներին պարգևատրելու համար կամ նախատեսված են եղել այդ կոմիտեի առանձին ստորաբաժանումների համար։
Դժվար է պատկերացնել, որ պատերազմական պայմաններում զորքերին տրվել են ատրճանակներ, որոնք կարող էին մատնել մարտիկին իրենց գույնով։ Չնայած դրան, այդ ամբողջությամբ ոչ սև ատրճանակները թերի համարել չի կարելի, քանի որ մետաղի բնութագրերը լիովին համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին։ Ինչ վերաբերում է պարգևատրումների համար հատուկ ՏՏ-ների մասին վարկածին, ապա դա, ամենայն հավանականությամբ, առասպել է: Եթե ուսումնասիրեք այն աղբյուրները, որոնք նշում են կարմիր ՏՏ–ների առանձնահատկությունը՝ կապված նրա հետ, որ դրանք նախատեսված են եղել պարգևատրման համար, ապա կարելի է նկատել, որ այդ շրջանակները հաճախ իրենք են զբաղվում նման մոդելների վաճառքով՝ դրանց տալով հազվադեպության և լեգենդի աուրա, ինչը, բնականաբար, արտացոլվում է գնի վրա։
Մասնագետներն առավել հակված են նրան, որ, ամենայն հավանականությամբ, կարմրավուն գույնի առաջացման պատճառը թաքնված է օքսիդացման տեխնոլոգիայի կամ պողպատի բաղադրության առանձնահատկությունների մեջ, բայց և հաստատապես դա արտադրական թերություն չէ: Միանգամայն հնարավոր է նաև, որ որոշները կարող էին նման ատրճանակները ներկայացնել որպես պարգև, բայց բացառապես սեփական նախաձեռնությամբ։ Այնուամենայնիվ, այն միտքը, որ «արյունոտ» ՏՏ-ն ՊԱԿ-ի հատուկ պատվերի մաս է կազմել, քիչ հավանական է: Ի պաշտպանություն այդ «կասկածի» է խոսում նաև գունային փոփոխությունների օրինակները այլ տեսակի փոքր զենքերում: Նմանատիպ կարմրավուն երանգներ հայտնաբերված են ՍՎԴ հրացանների մասերի, Մակարով ատրճանակի պահունակների վրա: Երանգների շրջանակը տատանվում է բոսորագույնից մինչև մուգ կարմիր կամ շագանակագույն: Հայտնի է նաև, որ ռազմական պահեստների հետ աշխատող մարդիկ սովորական նմուշների շարքում բազմիցս են հանդիպել նման ՏՏ-ներ, ինչը ևս հաստատում է այդ ատրճանակների՝ որևէ հատուկ կարգավիճակի բացակայությունը։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































