«Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ Թադևոսյան
ИНТЕРВЬЮ
Հունիսի 9-ից 12-ը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հյուրընկալում է միջազգային ճանաչում ունեցող հայ-իսպանացի ջութակահար և մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանին։ Նա վարպետության դասեր կանցկացնի հիմնադրամի պատանի երաժիշտների համար։ Դասերն անցկացվելու են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ բաց ձևաչափով և հասանելի ազատ ունկնդրման համար։
Past.am-ը առիթը բաց չթողեց զրուցել հայտնի ջութակահարի հետ։
-Պարոն Թադևոսյան, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հրավերով վարպետության դասեր եք անցկացնելու հիմնադրամի պատանի երաժիշտների համար։ Որքանո՞վ է ձեզ համար կարևոր փորձի փոխանակումը հատկապես պատանի սերնդի հետ։
-Իմ նպատակը լոկ փորձի փոխանակումը չէ, դա լավ է, բայց ամենակարևորը չէ։ Մաստեր կլասներն իրենց մեջ մեծ առումով ինչ-որ մեծ օգուտ չեմ պարունակում։ Կարծում եմ՝ ամենակարևորը Հայաստանում ջութակի կատարողական արվեստ ստեղծելն է, քանի որ ներկա պահին և արդեն մոտ 30 և ավելի տարի այն, մեղմ ասած, շատ խորը ճգնաժամ է ապրում։ Իմ նպատակն է, որպեսզի Հայաստան գան ուսանելու, ոչ թե Հայաստանից գնան ուսանելու և մնան Եվրոպայում կամ Ամերիկայում։ Լինելով զգույշ լավատես՝ դա հնարավոր է ստանալ երկարաժամկետ ապագայում, տասնյակ տարիներ են պետք, համբերություն և առաջին հերթին՝ կրթվելու ցանկություն ու կամք։ Հնարավորություն կա Ջենիֆեր Լոպեսին հրավիրել Հայաստան, ինչը շատ լավ է, բայց եթե այդ գումարի 10-րդ մասը ներդրվի ջութակի կատարողական արվեստի զարգացման մեջ, շատ ու շատ տաղանդավոր հայ երեխաներ կունենան փայլուն ապագա։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրինությունը շատ լրջորեն զբաղվում է այդ հարցով և հասկանում հարցի լրջությունը։ Կարծում եմ՝ հնարավորություն կարող է լինել, եթե հիմնադրամն ունենա լուրջ աջակցություն պետական այրերից։ Սա ջութակի դպրոցի գոյություն ունենալու կամ չունենալու հարցն է։
-Բազմիցս առիթ ունեցել եք հայ երաժիշտների համար վարպետության դասեր անցկացնելու։ Լինելով նաև մանկավարժ՝ ինչպիսի՞ն է ձեր կարծիքը, դիտարկումը նրանց մասնագիտական հմտությունների և կարողությունների մասին։
-Շատ շնորհալի երիտասարդներ կան։ Պետք է նշեմ, որ նրանցից մի քանիսի հետ պարբերաբար հանդիպում եմ տարբեր մաստեր կլասների ժամանակ և ամեն անգամ հանդիպելիս տեսնում եմ բավականին դրական փոփոխություններ իրենց կատարումների մեջ և ոչ միայն կատարումների, այլ նաև դեպի երաժշտություն և ջութակ մոտեցման մեջ։
-Դուք այն երաժիշտներից եք, որն ապրելով և ստեղծագործելով Հայաստանի սահմաններից դուրս, միևնույն ժամանակ շատ ամուր եք պահում Հայաստանի հետ կապը՝ այցեր հայաստանյան երաժշտական դպրոցներ, վարպետության դասեր։ Ինչո՞ւ է սա ձեզ համար կարևոր։ Սա ձեզ համար էներգիայի նո՞ր աղբյուր է հանդիսանում։
-Ես հայ եմ, ծնվել եմ Երևանում, սովորել եմ Երևանում, մինչև Եվրոպա մեկնելն ուսանել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում իմ հորեղբոր՝ Էդուարդ Թադևոսյանի մոտ։ Այսօր կյանքիս մեծ մասն ապրում եմ Մադրիդում, պատիվ ունեմ լինել հրավիրված Եվրոպայի տարբեր կրթօջախներում դասավանդելու, լինել տարբեր միջազգային մրցույթներում ժյուրիի անդամ։ Իմ մասնագիտական փորձն առաջին հերթին ուզում եմ կիսել Հայաստանում։ Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում, ուզում եմ ինչ-որ օգտակար բան անել այստեղ։
Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի




















































