Արարատ քահանա Պողոսյանը հայտարարություն է տարածել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատ քահանա Պողոսյանը հայտարարությամբ է հանդես եկել։
«Վերջին օրերին Ն․ Փաշինյանն իր հրապարակային հայտարարություններով կասկածի տակ է դնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մեր ժողովրդի հոգևոր հիմնասյան, հեղինակությունն ու պատիվը։ Մասնավորապես՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նրա հրապարակային «հորդոր»-ը, ըստ որի Վեհափառ Հայրապետը պարտավոր է պարզաբանել՝ արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը և ունի զավակ, չի կարող դիտվել որպես անմեղ հարցադրում։ Սա բացահայտ մերկապարանոց մեղադրանք է՝ առանց փաստերի, առանց իրավական ընթացակարգի, առանց հոգևոր և բարոյական նվազագույն էթիկայի պահպանման։
Ն․ Փաշինյանի հայտարարությունները բացեիբաց խախտում են այն սահմանը, որը պետք է պահպանվի պետության ու Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու միջև՝ Սահմանադրությամբ ամրագրված «բաժանման» սկզբունքը։ Դրանք նաև բռնանում են հավատացյալ ժողովրդի վրա՝ նրանց ազգընտիր հոգևոր Առաջնորդին ներկայացնելով հանրային քննադատության ու կասկածի տակ՝ առանց արժանապատիվ իրավական կամ եկեղեցական քննության։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր կանոնակարգերը, հոգևոր-կարգապահական մարմինները և դարերով ձևավորված ընթացակարգերը, որոնցով են կարգավորվում Եկեղեցու ներքին հոգևոր և վարչական կյանքը, վարքն ու հնարավոր խախտումները։ Կաթողիկոսը որևէ պաշտոնյա չէ, որ նրան հրապարակային «հանդիմանությամբ» պարտադրվի արդարանալ։ Եթե կան կասկածներ, դրանք պիտի ներկայացվեն իրավական հարթությունում կամ՝ եկեղեցական կանոնական ատյաններում, ոչ թե հրապարակային ճնշմամբ ու ամբոխահաճ ոճով։
Ն․ Փաշինյանն իր այս քայլով ոչ թե պահանջում է ճշմարտություն, այլ սահմանում է ճշմարտության ձևը՝ իր քաղաքական շահերին հարմարեցված։ Իսկ ճշմարտությունը չի ծնվում ճնշման, վիրավորանքի և կասկածանքի հիման վրա։ Այն պահանջում է բարոյական պատասխանատվություն, օրինականություն և հարգանք ինստիտուտների նկատմամբ։
Հավատացյալ ժողովուրդն էլ ունի իրավունք.
Ունի իրավունք՝ տեսնելու, որ իր պետության ղեկավարը հարգում է իր դարավոր եկեղեցին։
Ունի իրավունք՝ վստահելու, որ հոգևորի դեմ կիրառվող քաղաքական պայքարն անձնական չարության կամ ինքնիշխան հաստատության նվաստացման նպատակ չի հետապնդում։
Ունի իրավունք՝ ապրելու մի հասարակության մեջ, որտեղ Եկեղեցու և պետության սահմանները խիստ պաշտպանված են։
Այդ պատճառով կոչ ենք անում՝
Դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու և մասնավորապես՝ Կաթողիկոսի հեղինակությունը խաթարող հրապարակային սադրանքները։
Հարգել հավատացյալ ժողովրդի հոգևոր իրավունքը՝ ունենալու անխաթար եկեղեցի և Հովվապետ։
Եկեղեցին պատկանում է ժողովրդին՝ Աստծու կողմից հաստատված կարգով, ոչ մեկին չի տրվել մենաշնորհ՝ նրա դեմ «հակաքարոզչություն» իրականացնելու։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն և ոչ պառակտում։
Հ.Գ. Լռությունը համաձայնության նշա՞ն է։
Ոչ միշտ։
Լռում ես, երբ իմաստ չունի հակառակվել։
Լռում ես, երբ դաստիարակությունդ թույլ չի տալիս վիճել։
Ի վերջո լռում ես, երբ ինքնահաստատման կարիք չունես։
Լռությունը խոհեմության նշան է։ Միշտ: (Անհայտ հեղինակ)»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































