Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց Թեմերի հոգևորականաց դասի համատեղ հավաքը
ОБЩЕСТВОԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց Թեմերի հոգևորականաց դասի համատեղ հավաքը: Առիթը սրբոց Ղևոնդեանց քահանայից տոնն էր: Տեղի ունեցավ համատեղ ժողով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից:
Բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վրդ. Պողոսյանը, այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը: Հավաքին ներկա էին Ռումինիայի Թեմից Տ. Եզրաս քհն. Բոգդանը (Բուխարեստ), Տ. Օշական քհն. Խաչատրյանը (Կոնստանցա), Տ. Հեթում քհն. Թարվերդյանը (Պիտեշտ), Տ. Թորգոմ քհն. Մանդալյանը (Սուչավա), Տ. Գրիգոր քհն. Հոլկան (Բոտոշան, Յաշ), Կարեն սրկ. Բուլությանը (Բուխարեստ), Բուլղարիայի Թեմից Տ. Գևորգ ավագ քհն. Խաչերյանը, Տ. Գուսան քհն. Հադավյանը (Սոֆիա), Տ. Տիրայր քհն. Հ ադավյանը (Ռուսե), Տ. Հրաչ քահանա Մուրադյանը (Պլովդիվ), Տ. Բարդուղիմեոս քհն. Հակոբյանը(Վառնա), Տ. Պողոս քհն. Միքայելյանը (Բուրգաս): Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներհամայնքային ու եկեղեցական կարևոր հարցեր, տեղի ունեցավ փորձի փոխանակում, մշակվեցին համատեղ ծրագրեր:
Ժողովից հետո տրվեց ընթրիք, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Սոֆիայի պարի խումբը, հնչեց հայ ժողովրդական երգն ու երաժշտությունը:
Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Բուլղարիայի Թեմի առաջնորդ հոգշ. Տ. Իսահակ վրդ. Պողոսյանը` ներկայությամբ երկու թեմերի հոգևոր դասի և հավատավոր բազմության: Հայր Սուրբն իր քարոզում շնորհավորելով ներկաներին Սրբոց Ղևոնդյանց տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում մասնավորապես կարևորեց զոհողության, ներողամտության և սիրո դերը մեր ժամանակներում:
Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ հրաժեշտի ճաշ և հուշանվերների հանձնում:



