Եպիսկոպոսների մի մասն առաջարկել է նզովել և բանադրել Փաշինյանին
АНАЛИТИКА
Գերագույն հոգևոր խորհուրդն օրեր առաջ փակ նիստ էր գումարել և խիստ մի հայտարարություն տարածել՝ դատապարտելով Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Այդուհանդերձ, եկեղեցու հայտարարությունից բավականին լուրջ դժգոհություն և հիասթափություն կա, քանի որ ընդդիմադիր շրջանակներն ավելի կոշտ զարգացումներ էին ակնկալում։
Մեր տեղեկություններով, նույնիսկ այդ եպիսկոպոսաց ժողովի ընթացքում մի խումբը շատ ավելի արմատական է արտահայտվել՝ ընդհուպ առաջարկել կոշտ գործողություններ սկսել եկեղեցու կողմից, նզովել ու բանադրել Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավոր շրջապատին, թույլ չտալ նրանց մուտքն ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցիներ։ Առաջարկել են շարժումներ սկսել, փողոցներում զանգեր խփել, թատերականացված և զանգվածային միջոցառումներ իրականացնել ընդդեմ գործող իշխանությունների։ Սակայն ի վերջո որոշում է կայացվել թեկուզ կոշտ, բայց քաղաքական հայտարարություն անել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ մի քանի եպիսկոպոսներ առաջարկել են ընդհուպ հայտարարել, որ հրաժարվում են սպասարկել բոլոր ծեսերը (կնունք, նշանդրեք, հարսանիք, հուղարկավորություն), որոնց կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, նրա մերձավոր շրջապատը։ Քննարկումն այնքան բուռն է եղել, որ ստիպված են եղել ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանան կրքերը հանդարտեցնել։ Ի վերջո, Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց հայտարարություն։
Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շատ կոնկրետ թիրախավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կապված նրա ենթադրյալ ընտանիքի, զավակներ ունենալու տեղեկության մասով, փաստ է, որ այս թեման գործող իշխանությունները մտադիր չեն փակելու, ավելի կոշտ հարցադրումներ են անելու եկեղեցու հայրերի ուղղությամբ։ Իսկ հասարակությունը շատ կոշտ արձագանք է սպասում։ Այժմ արդեն եկեղեցու համար շատ ավելի բարդ է լինելու պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Հասմիկ Մուրադյան




















































