Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ
АНАЛИТИКА
Նախօրեին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Լյուք Փոլարդի հետ։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունների և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի։
Պաշտոնական հաղորդագրության ամենաուշագրավ կետը երկու երկրներում փոխադարձ պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելու որոշումն է՝ իբր համագործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով։ Վաղուց գաղտնիք չէ, որ Բրիտանիան է համակարգում հայաստանյան ուղղությունը, նաև այդ երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի մերձավոր զինակիցներից մեկն է, իսկ Հայաստանի գործող իշխանությունները վաղուց վերածվել են արտաքին կառավարման օբյեկտի պաշտոնական Լոնդոնի կողմից, և այժմ էլ բրիտանական հետախուզությունը փորձում է ներթափանցել Հայաստանի պաշտպանության նախարարություն՝ ուղղակի վերահսկողություն սահմանելով։
Պաշտպանության հարցերով կցորդներ Հայաստանում նշանակվել են նաև Ֆրանսիայի և ԱՄՆ կողմից, բայց բուն բրիտանական կցորդի նշանակումն արդեն ինքնին ուշագրավ է, քանի որ առնվազն Լոնդոնի հետ ռազմատեխնիկական համագործակցության որևէ եզր դեռ չի նշմարվում, բրիտանական զենք Հայաստան չի ներմուծվել, որևէ նման նպատակ էլ չկա։ Եթե Ֆրանսիայի կցորդի նշանակումն ինքնին կարելի է կապել ֆրանսիական զենքի առաքման խնդիրները լուծելու կամ ինչոր այլ նման պատճառաբանությամբ, ապա բրիտանական պաշտպանական կցորդի նշանակումը, ով պետք է նստի հենց Պաշտպանության նախարարությունում և վերահսկի Սուրեն Պապիկյանի գլխավորած հիմնարկը, արդեն իսկ նշանակում է մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ բրիտանական հետաքրքրության աննախընթաց աճը։
Իրինա Ղազարյան




















































