Գործադիրի որոշմամբ ապահովվում է ազատազրկվածների իրավաբանական օգնության լիարժեք իրացումը
ПОЛИТИКАՀՀ կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարեց փոփոխություններ և լրացումներ՝ ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության լիարժեք իրացումը ապահովելու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նախատեսում են գործադրել մեխանիզմը, որով ձերբակալված և կալանավորված անձինք կկարողանան տեսակցել ոչ միայն իրենց պա շտպանի, այլև պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ:
«Ընդ որում՝ թե՛ պաշտպանի, թե՛ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ տեսակցությունները կարող են տեղի ունենալ նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Հաջորդ կարևոր քայլը վերաբերում է պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի՝ քրեակատարողական հիմնարկ առանց քննիչի ուղեկցության մուտք գործելուն, քանի որ այսուհետ վերջիններս քրեակատարողական հիմնարկ մուտք գործել կկարողանան քննիչի՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ուղղված հավաստագրի հիման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հնարավորություն են տալիս ապահովել կալանավորված անձի՝ սեփական միջնորդության հիման վրա տեսակցությունը քրեական վարույթին չներգրաված փաստաբանի հետ, եթե դա կապված է, ասենք, քաղաքացիական, վարչական, աշխատանքային կամ ցանկացած այլ ոլորտում իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտության հետ:
Այսպիսով, ըստ նախարարի, առաջարկվող փոփոխությունների առաջնային նպատակն է ապահովել ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: Կլուծվեն նաև գործնականում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը և սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը՝ միևնույն ժամանակ ապահովելով քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ու քրեական գործի քննության ըն թացքում հանրային շահի պաշտպանությունը:



