Ներկով զենքեր, մինի «ճակատամարտեր». «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փեյնթբոլը (Paintball) էքստրեմալ սպորտի հանրաճանաչ խաղ է, որը հավասարապես վայելում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: «Զինված» խաղացողները բաժանվում են երկու թիմերի և մտնում են «ռազմի դաշտ», այդ մինի մարտում հաղթում է ավելի արագը, ճարպիկը և նշանառուն:
Փեյնթբոլի պատմության մեջ կա այդ էքստրեմալ սպորտի ծագման մի քանի վարկած։
Դրանցից ամենավաղը թվագրվում է տասնիններորդ դարի վերջով։ Հենց այդ ժամանակ է տեղի ունեցել այն «հրազենի» ծնունդը, որը կրակում է ներկով։ Նման զենքի օգնությամբ մարզվել են ֆրանսիական բանակի զինվորները։ Կա նաև ենթադրություն, որ 1937 թվականին Գերմանիան որոշել է օգտագործել ֆրանսիական այդ գաղափարը։ Գերմանացիները սկսել են ներկեր կրակող զենքերի արտադրություն՝ «ներկ արձակող սարքեր», որոնք նրանք անվանել են «սաքսոնական հրացաններ»:
Հյուսիսային Ամերիկայում փեյնթբոլի ծագման սեփական վարկածն է լայն տարածում գտել։ 30-ականներին մի խումբ կովբոյներ որոշել են զվարճանալ ներկ կրակող սարքերով, որոնցով նրանք նշում էին անում կովերի և ձիերի վրա։ Այդ զվարճանքը ինչ-որ չափով հիշեցնում էր «պատերազմական խաղ»։
Ըստ փեյնթբոլի ծագման հաջորդ տարբերակի, կանադացի անտառահատներն են նման սարքեր օգտագործել ծառերը նշելու համար։
Փեյնթբոլի առաջին մարկերն ստեղծվել է Crossman ընկերության կողմից անցյալ դարի 60-ականների վերջին։ Բայց դա անհաջող տարբերակ է եղել, պահանջարկը քիչ է եղել, և այն բարելավվել է 1972 թվականին: 1981 թվականի հունիսին ԱՄՆ-ում է տեղի ունեցել փեյնթբոլի առաջին խաղը։ Այդ փոքր «պատերազմը» հրացաններով, որոնք ներկ են արձակում, կազմակերպել են երեք ընկեր՝ բորսայում հոգնեցուցիչ աշխատանքն ընդմիջելու համար: Նրանց մի քանի ընկերներ նույնպես մասնակցել են զվարճալի մարտին: Հանդիսատեսներին և մասնակիցներին դուր է եկել խաղը, և այն արագորեն տարածվել է ոչ միայն Ամերիկայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Միակ թերությունն այն է եղել, որ գնդիկները յուղոտ էին, իսկ ներկը դժվարությամբ էր հանվում հագուստից։ Թերևս դա է պատճառը, որ հետագայում խաղի նկատմամբ հետաքրքրությունը մարել է։ Այնուամենայնիվ, 1984-85 թվականներին տեղի է ունեցել զարգացման կարևոր փուլը, հայտնագործվել են ժելատինե գնդիկները, որոնք լցված էին ջրում լուծվող ներկով, ինչը հանգեցրել է այդ խաղի ժողովրդականության աճին։
Հենց սկզբում այդ խաղի հրացանները օդաճնշումային էին։ Կրակոցն արձակվում էր բալոնում սեղմված օդի միջոցով, որը բավարարել էր ընդամենը 10 կրակոցի համար։ Կարճ ժամանակ անց մշակվել է նոր՝ ավելի կատարելագործված կառուցվածք, որը հնարավորություն է տվել եռապատկել կրակոցների քանակը։ 1985 թվականին հայտնագործվել է ժամանակակից տիպի հրացանը։ Փոփոխություններ են կատարվել պահունակում, հաշվարկվել է գնդակի արձակման օպտիմալ արագությունը, ինչը նվազեցրել է մասնակիցներին վնասելու վտանգը։ 90-ականների կեսերին փեյնթբոլի կորտերը սկսել են համալրվել փչովի կառույցներով, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձրել խաղը։
Զենքերը ևս շարունակել են զարգանալ: Հայտնվել են կիսաավտոմատ, ապա և՝ լիովին ավտոմատ մարկերային հրացաններ։ Ներկայում այդ խաղի բազմաթիվ մասնավոր ակումբներ են հայտնվել։
Փեյնթբոլը բաժանվել է երկու առանձին հատվածների՝ սպորտային՝ սպորտային կոմիտեի հսկողության ներքո, և հանգստի՝ բազմաթիվ մասնավոր ակումբների կողմից կազմակերպվող:
Այնուամենայնիվ, փեյնթբոլը, որպես սպորտային մարզաձև, այնքան էլ զարգացած չէ, չնայած պարբերաբար անցկացվում են տարբեր մակարդակների մրցումներ։
Երրորդ, բայց շատ կարևոր ոլորտը, փեյնթբոլի օգտագործումն է իրավապահ մարմիններում՝ մարզվելու համար:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































