Փաստաբանների պալատի մամուլի խոսնակն անցնում է «բարիկադների մյուս կողմ»
ПОЛИТИКАՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը հայտարարել է մարտի 1-ից նոր աշխատանքի անցնելու մասին: Խոսնակի պարտականություններից ազատելու նրա խնդրանքը բավարարվել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից: Հայկ Հակոբյանն ակնարկել է, որ նոր աշխատանքը կրկին կապված է լինելու տեղեկատվության և լր ատվության հետ, սակայն` «բարիկադների մյուս կողմից»: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը մեջբերում է Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը:
«Սիրելի գործընկերներ, ավելի քան 2 տարի է զբաղվում եմ հետաքրքիր և կարևոր մի գործով՝ անելով հնարավորը, որ մեր հասարակությունը տեղյակ լինի Փաստաբանների պալատի և փաստաբանների գործունեության մասին: Դա կարևոր աշխատանք է, քանի որ, տեղեկանալով իրենց իրավունքների և հնարավորությունների մասին, մեր քաղաքացիները ավելի պաշտպանված և հետևաբար ավելի լավ են իրացնում իրենց իրավունքները: Աշխատանքի ընթացքում հնարավորություն եմ ունեցել շփվել բազմաթիվ մարդկանց հետ: Սակայն ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ:
Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով և խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը:
Շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը բավարարվել է:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում: Շնորհակալ եմ շատերի բարձր գնահատականին արժանանալու համար, իսկ թերությունների համար… Դրանք ակտիվ աշխատանքի ընթացքում անխուսափելի են: Եղել և մնում եմ Փաստաբանների պալատի կողքին:
Ապագա զբաղվածությունս կապված է լինելու տեղեկատվության և լրատվության հետ՝ «բարիկադնե րի մյուս կողմից»»:



