Արցախի հարցը գոյաբանական նշանակություն ունի հայ ժողովրդի համար
ПОЛИТИКА
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի հարցը մնում է չլուծված և ավելին՝ գոյաբանական նշանակություն ունի հայ ժողովրդի համար, շեշտում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Հայաստանը նույնպես արցախցիների հայրենիքն է, միակ փաստացի ապաստանը, հետևաբար, պարտավոր է լիարժեք պատասխան տալ նրանց սոցիալական կարիքներին։ Սոցիալական աջակցություն, բնակարանային քաղաքականություն, առողջապահական ծառայություններ, կրթություն և աշխատանքի հասանելիություն՝ այս բոլոր ոլորտներում պետք է ապահովվի համակարգված և շարունակական մոտեցում։
Բայց պետք է հստակ ընդգծել, որ ինտեգրման քաղաքականությունն ինքնին չի կարող նպատակ լինել, եթե այն դառնում է վերադարձի իրավունքի մոռացության կամ մերժման ուղի։
Արժանապատիվ կեցությունը չպետք է վերածվի «վերջնական լուծման»։ Պետությունը պետք է իր քայլերը հիմնի ոչ միայն մարդասիրական, այլև ռազմավարական հաշվարկների վրա՝ գիտակցելով, որ Արցախի հարցը մնում է չլուծված և ավելին՝ գոյաբանական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։
Արցախի ժողովրդի ճակատագիրը այժմ բաժանվում է երկու առանցքի միջև՝ արժանապատիվ ներկա և իրավունքի վրա հիմնված ապագա։ Առանց առաջինի անհնար է կայուն գոյությունը, բայց առանց երկրորդի՝ անիմաստ է գոյության իմաստը։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է մնա համազգային նպատակ, որը չի լռեցվելու հարմարության, հոգնածության կամ վախի պատրվակով։
Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը պարտավորված է, որպես պատմության մեջ միասին անցած ու միասին շարունակելու ցանկություն ունեցող ազգ՝ շարունակել պայքարն արդարության, հայրենիք վերադառնալու իրավունքի և արժանապատիվ ապագայի համար»,- սոցցանցի իր էջում գրել է Մետաքսե Հակոբյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































