ՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին
ОБЩЕСТВО«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն ապրիլի 25-26-ին մասնակցել է Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի փառատոնն իրականացվել է Բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք կարգախոսով։
ՍոֆթԿոնստրակտը, որպես երկրի խոշորագույն ՏՏ ընկերություն, առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի աշխատաշուկայում և համարվում է վստահելի ու զարգանալու հնարավորություն առաջարկող գործատու։ ՍոֆթԿոնստրակտի տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընկերության 50-ից ավելի ազատ հաստիքներին ՄՌԿ, ՏՏ, ֆինանսների, ադմինիստրատիվ և այլ բաժիններում։ Ի դեպ, ընկերությունն այս տարի ներկայացել էր տարբերվող տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեին համտեսելու սուրճ և հյութեր, օգտվելու ձեռքերի մերսման ծառայությունից, ինչպես նաև պրոֆեսիոնալ լուսանկարահանում ունենալ իրենց CV-ի կամ LinkedIn պրոֆիլի համար։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն անմասն չի մնացել նաև մասնագիտական քննարկումներից․ ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը բանախոսությամբ հանդես է եկել «Փափուկ հմտություններ, բարդ հաղթանակներ․ Կարիերայի իրական գերուժը» թեմայով․ «Կարծում եմ այսօր բոլոր գործատուները միանշանակ հանգել են այն մտքին, որ թեև տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը միգուցե շատ կարևոր են, սակայն փափուկ հմտությունները ոչ պակաս կարևոր են և կարելի է ասել բարձրանում են առաջին շեմ», - ասել է նա։
Երկօրյա փառատոնի ընթացքում ՍոֆթԿոնստրակտը ներկայացրել է ընկերության արժեքները, թիմային մշակույթն ու հնարավորությունները թե՛ սկսնակ մասնագետների, թե՛ փորձառու թեկնածուների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նոր աշխատանքային և գործնական պայմանավորվածություններ։
CCF-ն ամենամյա լավագույն գործատուների փառատոն է, որն անցկացվում է 2023 թվականից։ Երկու տարվա ընթացքում փառատոնին մասնակցել են հազարավոր այցելուներ և հարյուրավոր բանախոսներ ու ընկերություններ։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու և նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։ ՊԵԿ-ի 2025թ․ տվյալներով ընկերությունը Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների տասնյակում է։




















































