Ինքնաբացարկ է հայտնել՝ շեֆին չխանգարելով
ПОЛИТИКАԹումանյան համայնքում փետրվարի 14-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում ինքնաառաջադրմամբ հանդես եկած ՀՀԿ-ական թեկնածուն՝ Էդգար Պետրոսյանը, ինքնաբացարկ է հայտարարել:
Թումանյանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետի նման քայլը թույլ է տալիս մտածել, որ նրա առաջադրումը նպատակ է ունեցել աջակցել գործող քաղաքապետին՝ ընտրությունները չտապալելու համար: Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից: Օրենքը նաեւ չի բացառում մեկ թեկնածուով ընտրության դեպքում ընտրությունների չկայացած լինելը: Եթե Թումանյանի գործող քաղաքապետ, միակ թեկնածու Լեւոն Զավարյանը չստանա քվեարկողների թվի կեսից ավելիի քվեն, ապա ընտրությունները կհամարվեն չկայացած: Սակայն սա, մեղմ ասած, քիչ հավանական է: Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել:
Հիշեցնենք, որ նույն օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



