Անպաշտպան «քաղաքացու» օրը
АНАЛИТИКА
Պաշտոնական իշխանությունն այսօր նշում է իր իսկ սահմանած ամենատարօրինակ տոնը՝ Քաղաքացու օրը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Փաշինյանն ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել էր Քաղաքացու օր, և այդ օրը հանրության մեջ տպավորվել էր միայն որպես փողոցում խորոված-քյաբաբ պատրաստելու միջոցառում։
7 տարի անց կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին ավելի անտեսված, ավելի անպաշտպան է թե՛ պետական համակարգի, թե՛ դրսի ուժերի և թե թշնամիների դիմաց։ 7 տարի անց Նիկոլ Փաշինյանը նույն ցինիզմով ու լկտիությամբ տոնում է իր սահմանած տոնը։ Խոսում ժողովրդավարության, ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ։ Այսօր էլ հայտարարել է, թե «համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղում է ամենօրյա պայքար, և այդ պայքարում հանրային ավելի ու ավելի մեծ աջակցություն է հարկավոր»։
Հայաստանում կոռուպցիան ավելի դաժան դրսևորումներ է ստացել։ Նույնիսկ մասնագետներն են փաստում, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն արմատախիլ չի արել համակարգային կոռուպցիան, այլ ավելի համակարգային ու ինստիտուցիոնալ է դարձրել։
Ապրիլի 26-ը նշանավորվում է նաև մեկ այլ ողբերգական դեպքով, որ անմիջականորեն առնչվում է Նիկոլ Փաշինյանի հետ։ 3 տարի առաջ այսօրը Լեո-Պարոնյան խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող շարասյունը վրաերթի ենթարկեց երիտասարդ և հղի մի կնոջ։ 3 տարվա ընթացքում ոչ ոք պատժված չէ, իսկ տուժողի իրավահաջորդներն ու փաստաբանները նշում են, որ խայտառակ դատաքննություն է ընթանում, որի նպատակը Փաշինյանին ուղեկցող ոստիկանին ամեն գնով պատասխանատվությունից ազատելն է։ Ահա այսպիսի քաղաքացու օր են նշում փաշինյանականները՝ մի կողմից վրաերթի ենթարկելով, սպանելով, անպաշտպան թողելով, մյուս կողմից ծաղրելով նույն այդ քաղաքացուն։
Մարիա Արամյան




















































